Գյումրին կդիմանա առանց 7 մլն դրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի՝ 2015 թվականի բյուջեն՝ 3մլրդ. 234մլն. 729.000 դրամ: Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ 2015-ի բյուջեն խիստ սոցիալական է եւ 2014-ի նկատմամբ 5.1 տոկոսով ավել:

Բյուջեի հաստատումից զատ՝ օրակարգում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք նույնպես ավագանու կողմից ընդունվեցին: Հատկապես քննարկվելիք խնդիրներից հատկանշական էին մի քանիսը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց հրաժարվել քաղաքի «կլկլաններից»՝ ավանդական մուշուրբաներից, որոնք քաղաքի շատ հատվածներում են կանգնեցված, եւ փոխարենը կանգնեցնել հայտնիների արձաններ:

Ավագանու քննարկմանը դրվեց Սայաթ-Նովայի արձանը տեղադրել աշուղի անունը կրող պողոտայում: Այս նպատակով քաղաքապետարանի բյուջեից հատկացվելու է 7մլն դրամ: Նշենք, որ ավագանիներից Լեւոն Բարսեղյանը հակադարձեց որոշմանը՝ ասելով, որ բյուջեն պետք է ծառայի քաղաքի հրատապ խնդիրների լուծմանը, օրինակ՝ փողոցների ասֆալտապատմանը եւ ոչ թե որեւէ քանդակագործի երազանքների իրագործմանը: Ի վերջո, քաղաքն առանց Սայաթ-Նովայի արձանի կարող է ապրել:
Գյումրու տնակային թաղամասի բնակիչներին վառելիք տրամադրելու համար կտրամադրվի ընդամենը 2մլն դրամ: Իսկ Համլետ Տոնոյանին, ում տնակը հրդեհից մոխրակույտի էր վերածվել, որին «Ժողովուրդ» օրաթերթն օրերս անդրադարձել էր, ավագանու որոշմամբ քաղաքապետարանը կհատկացնի 300.000 դրամ օգնություն:
4մլն 600 հազար դրամ էլ կհատկացվի 23 ուսումնական հաստատությունների, որոնք ունեն շենքային եւ գույքային խնդիրներ:

Գյումրու ավագանու կարեւոր որոշումներից մեկն էլ եղավ Շիրակի մարզի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար վճար սահմանելու մասին դրույթը: Ինչպես նշեց զեկուցողը՝ սա նպաստելու է համայնքի բյուջեի զարգացմանը: Ի տարբերություն Երեւան քաղաքի, որտեղ այս վճարը կազմում է 50.000 դրամ, Գյումրիում կլինի 25.000 դրամի չափով. հաշվի է առնվում քաղաքի սոցիալական վիճակը:

Թերեւս որոշումներից հետաքրքրականը Գյումրու «Հունահռոմեական ըմբշամարտ»-ի մարզադպրոցի անվանափոխությունն էր: Ավագանին, հաշվի առնելով, որ օլիմպիական կոմիտեն գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակից հետո մարզադպրոցը վերանորոգել է, նպատակահարմար գտավ դպրոցն անվանել Արթուր Ալեքսանյանի անվամբ:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի




Լրահոս