Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Սակայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել: «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,-ասել է Սուրեն Խաչատրյանը:
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս ՀՀ ԿԲ-ն սակարկություններով վաճառել է 6 մլն դոլար՝ 470.22 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն դոլարը վաճառել էր 464.07 դրամով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԲ-ն տարադրամի փոխանակման կետերին արգելել է դոլարի փոխարժեքն իր սահմանած գնից` 470 դրամից, բարձրացնել: Արդյունքում՝ տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի առք ու վաճառք իրականացնել կամ այլ կերպ ասած՝ փոխարժեքի շուկայից դուրս են եկել: Փոխարժեքի շուկայում երեկվանից դոլարի առք ու վաճառքով զբաղվում էին միայն բանկերը: Թե որքան կշարունակվի այս վիճակը, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԿԲ-ն հույս ունի մինչեւ տարեվերջ փոխարժեքի շուկան կայունացնել, թերեւս դրամի փոխարժեքն իջեցնելով այնքան, որ այն համապատասխանի տնտեսությունում տիրող իրական վիճակին:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի երիտթեւի միջեւ կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկութուններով՝ վերջին շրջանում երկու կուսակցությունների երիտասարդները փորձում են միմյանց վախեցնել, մեկմեկու ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ խնդիրները «տղավարի» լուծելու համար: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականներին ժամադրել են Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն՝ ՀՀԿ գրասենյակի հարեւանութամբ, սակայն ՀՀԿ-ականները չեն գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար ավելի բարձր կուսակցականներն արգելել են միջադեպին ընթացք տալ: ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում ՀՀԿ երիտթեւը իրենց հասցեին անընդհատ ցեխ է շպրտում. «Մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց եւ նայեն ժողովրդի աչքերին»:
«Ժողովուրդ»-տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Եւ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին նկատողություն հայտարարել: ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը. «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որեւիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»:
ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՑԱՎՈՎ
Հայաստանում վերջին օրերին սկսված բռնությունների շղթան արթնացրել է անգամ ամենաանտարբեր մարդկանց զայրույթը, ու ցանկացած ոք փորձում է հասկանալ դրանց շարժառիթը: Բնականաբար, ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունն է կազմակերպում ծեծը, իսկ իշխանության ներկայացուցիչները փորձում են այն վերագրել քրեական տարրերին, երրորդ ուժին կամ պայմանավորել դրսի գործոնով: Եթե առաջին երկու տարբերակները մի կերպ կարելի է հասկանալ, ապա բավականին լուրջ մեղադրանք է ստացվում «դրսի ուժերի» վարկածը: Սակայն ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր, ծագումով արցախցի Համլետ Հարությունյանն առանց վարանելու հայտարարել է, թե. «Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայլ: Դրանք հատուկ գործող մարդիկ են, որ փորձում են իշխանություններին վարկաբեկել: Իշխանությունները երբեք շահագրգռված չեն լինի նման արարքներ անել»:
Այսինքն՝ ՀՀ ոստիկանության ու քննչական կոմիտեի համար ՀՀԿ-ական պատգամավոր Հարությունյանը մի նոր «գործ է բացում»: Ինչո՞ւ, բացատրենք: Եթե մեր երկրի ներսում ինչ-որ «մութ ուժեր» բռնություններ են կազմակերպում, ծեծում են մեր երկրի անկախության համար մարտնչած հրամանատարներին, հռչակագիրը ընթերցողին, նշանակում է, որ այս գործը պետք է քննվի ոչ թե ոստիկանության հետաքննիչների կամ քննչական կոմիտեի քննիչների մակարդակով, այլ ՀՀ գլխավոր դատախազը պետք է հատուկ որոշմամբ գործի քննությունն ուղարկի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Քանի որ մեր երկրի անվտանգությունն ուղղակի հարվածի տակ է:
Բայց դատելով ԱԱԾ-ի կողմից քննված «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի քննության ընթացքն ու ավարտը, որը եւս Հայրիկյանը համարում էր «դրսի ուժերի գործ», կարելի է կանխատեսել, որ հետաքրքիր «թատրոն» է մեզ սպասվում: Ի վերջո, Հայրիկյանի մահափորձի գործը քննվեց եւ հասավ էպոսագետ Վարդան Սեդրակյանին ու նրա տան «կաֆելչիկներին»: Եւ երեք հոգու բանտարկությամբ ավարտվեց Հայրիկյանին սպառնացող վտանգի թեման:
Այս դեպքում եւս, հավանաբար, մի երկու «կաֆել-մետլախ խփողներ» կներգրավվեն գործում, որոնք կմեղադրվեն ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին ծեծի ենթարկելու մեջ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանին, ապա, թերեւս, նրա հարցն էլ «կփակվի» ձեւական նկատողություններով: