ԿՈՎԱԼԻ 25 ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ինքն էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից խնդրել իրեն արձակուրդ ուղարկել, քանի որ անձնական խնդիրներ ուներ: Անդրադառնալով այն հարցին, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ Կոտայքի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց ԲՀԿ-ից, քննարկվում էր իր պաշտոնանկության հարցը, մարզպետը նշեց. «Ո՞վ գոհ չէր, դա ընդամենը Ձեր կարծիքն է կամ էլ Ձեր ցանկությունն է, որը երբեք չի իրականանալու: Կոտայքի մարզի արդյունքները նորմալ էին, մենք էլ մեր մարզում ունենք շատ համակիրներ»:
-Պարո՛ն Շահգալդյան, ի վերջո, ինչպե՞ս որոշվեց Ձեր «ճակատագիրը»` շարունակելո՞ւ եք պաշտոնավարել:
-Ինչի՞, իմ ճակատագրին ի՞նչ է եղել, իմ ճակատագիրը որոշվել է, երբ ես լույս աշխարհ եմ եկել:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ Ձեր պաշտոնավարման հարցը խիստ էր դրված, Սերժ Սարգսյանը չէր ցանկանում, որ Դուք շարունակեք ղեկավարել Կոտայքի մարզը:
-Իհարկե, ես այս պաշտոնում եմ եւ ղեկավարում եմ Կոտայքի մարզը, որտեղ պաշտոնավարում եմ ավելի քան 12 տարի:
-Ձեզ ինչպե՞ս է հաջողվում այդ պաշտոնում մնալ այն դեպքում, երբ անգամ երկրի ղեկավարն է դժգոհում Ձեր կատարած աշխատանքից:
-Բայց ես Ձեզ ասեմ, որ ես ոչ պակաս պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել: Իսկ ինչ վերաբերում է երկար պաշտոնավարելուն՝ 12 տարի շարունակ, ապա իմ աշխատանքը, իմ աշխատանքին նվիրվածությունը, իմ աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունն են պատճառը, որ ես երկար տարիներ է՝ այս մարզի ղեկավարն եմ:
-Բայց խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ առաջնորդը Ձեր կատարած աշխատանքից գոհ չէր, քանի որ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն խայտառակ պարտության մատնեց ՀՀԿ-ին:
-Ո՞վ գոհ չէր, դա ընդամենը Ձեր կարծիքն է կամ էլ Ձեր ցանկությունն է, որը երբեք չի իրականանալու: Կոտայքի մարզի արդյունքները նորմալ էին, մենք էլ մեր մարզում ունենք շատ համակիրներ:
-Դրությունն այնքան վատ էր, որ Ձեզ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ձեր «հաշվին» ուղարկել էր արձակուրդ, մինչեւ կորոշվեր Ձեր պաշտոնավարման հարցը:
-Ինձ չեն ուղարկել արձակուրդ, արձակուրդ ես եմ խնդրել, որ ինձ թույլ տան գնալ, խնդրել եմ, որ 10 օր բացակայեմ, քանի որ ես անձնական խնդիրներ ունեի: Ես ամսի 7-ին արձակուրդից վերադարձել եմ, արդեն աշխատանքի եմ դուրս եկել եւ շարունակում եմ պաշտոնավարել: Դա Ձեր չիրականացված 12 տարվա երազանքն է:
-Արձակուրդ գնալուց հետո ամեն ինչ անում էիք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ նրա տրամադրվածությունը Ձեր հանդեպ փոխելու համար: Սակայն Սարգսյանը չէր ցանկանում Ձեզ տեսնել: Ի վերջո, Ձեզ հաջողվե՞ց հանդիպել եւ զրուցել Ձեր կուսակցության ղեկավարի հետ:
-Ես այդպիսի ցանկություն չեմ ունեցել, ես այդպիսի քայլ չեմ արել: Իհարկե, ընտրություններից հետո մենք նախագահի հետ աշխատանքային հանդիպում ունեցել ենք, սովորականի պես մի խումբ հարցեր ենք քննարկել: Իսկ ինչ վերաբերում է ուզելուն եւ չհանդիպելուն, դա չի եղել: Ես, իհարկե, հանդիպել եմ, աշխատանքային հանդիպում է եղել իմ եւ հանրապետության նախագահի միջեւ: Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
-ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հարգանքի տուրքի ժամանակ Դուք շփվեցիք միայն ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանի հետ: ՀՀԿ-ականները կարծես Ձեզ հետ չէին ցանկանում խոսել…
-Ախր ինչի՞ համար եք մարդկանց տենց սահմանազատում՝ ՕԵԿ-ի հետ, ԲՀԿ-ի հետ… Մանուկ Վարդանյանն իմ վաղեմի ընկերն ա, իմ կողքին էին նաեւ իմ կոլեգա, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, ինչի՞ հատկապես սեւեռվեցիք Մանուկ Վարդանյանի վրա: Մանուկ Վարդանյանն իմ 25 տարվա ընկերն է, իսկ կուսակցականությունը ընկերության մեջ նշանակություն չի կարող ունենալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս