«ՄԻԼԻՈՆԵՐ» ԽԱՂԱՏԱՆԸ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որտեղ խաղատուն կա, միլիոն շահելու կամ կորցնելու հնարավորություն, այնտեղ ավելի մեծ է հանցագործությունների հավանականությունը:
Հայտնի չէ՝ Արարատ Պետրոսյանի որդին՝ 23-ամյա Խաչիկը, միլիոն է շահել, թե իրենը կորցրել, բայց ինչ-որ բան հաստատ դուր չի եկել նրան:    
Ըստ քրեական գործի նյութերի՝ Խաչատուր Պետրոսյանը 2011թ. հուլիսի 17-ին գնացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Միլիոներ» խաղատուն, իր ծանոթ Տիգրան Համբարձումյանի հետ ժամանակ անցկացրել, իսկ ժ. 23:20-ի սահմաններում, երբ դուրս է եկել բակ, ինչ-որ չնչին առիթով վեճ է ծագել Տիգրան Համբարձումյանի եւ խաղատանը ծառայողական գործունեություն իրականացնող անվտանգության աշխատակիցներ Սեյրան Առաքելյանի եւ Մովսես Ալեքյանի միջեւ: Խաչատուրը միջամտել է նրանց վիճաբանությանը եւ ըստ մեղադրական եզրակացության՝ առանց որեւէ պատճառի, խուլիգանական դրդումներով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ 2 հարված հասցրել Մովսես Ալեքյանի կրծքավանդակի ձախ կեսին: Հետեւանքը եղել է այն, որ առաջացել է թափանցող վերք` սրտամկանի եւ սրտապարկի վնասումով, եւ Մովսես Ալեքյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Խաղատան անվտանգության՝ դանակահարված աշխատակիցը ընկել է գետնին: Այդ ժամանակ Խաչատուրը մոտեցել է նրան, փորձել կրկին հարվածել Մ. Ալեքյանի կրծքավանդակին, սակայն անվտանգության մյուս աշխատակից Գարեգին Զաքարյանը կանխել է, որի պատճառով Խաչիկը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ իր ծանոթ Տիգրանի հետ միասին դիմել է փախուստի: Համենայնդեպս, նախաքննական մարմինն այդպես է որակել նրա արարքը եւ մեղադրանք առաջադրել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար: Իսկ թե ինչն է եղել իրական պատճառը, եղել է, թե չի եղել, կպարզվի դատաքննության արդյունքում:  
Բացի այդ, իրավապահ մարմինները նրան եւս երկու հոդվածով նախատեսված արարքի մեջ են մեղադրում: Ըստ այդմ՝ Խաչատուր Պետրոսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել ու ապօրինի պահել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 8 հատ 9 մմ տրամաչափի ատրճանակային մարտական փամփուշտներ: Բայց դա ամենը չէ. նրա մոտ նաեւ թմրամիջոց են հայտնաբերել եւ  մեղադրանք առաջադրել առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով 0,883 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց  ձեռք  բերելու եւ պահելու համար:
Դեպքից հետո Խաչատուր Պետրոսյանի ծանոթ Տիգրան Ս. Համբարձումյանին եւս հրավիրել են ոստիկանություն որպես վկա եւ նախապես զգուշացրել, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում նա պետք է ենթարկվի ՀՀ քր. օր.-ի 339 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Սակայն նրանից ցուցմունք վերցնելու՝ ոստիկանության 3 փորձերն էլ ձախողվել են. Երեւանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Համբարձումյանը հրաժարվել է ցուցմունք տալուց եւ այժմ ամբաստանյալի աթոռին է:
Ի դեպ, երկու տարի առաջ մամուլում հայտնված լուրերի համաձայն՝ «Միլիոներ» խաղատունը պատկանում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին: Վերջինս, դրա հետ կապված, հետեւյալ պարզաբանումն էր տվել. խաղատան շենքը պատկանում է իր գյուղապետ եղբորը՝ Սերժիկ Ավետիսյանին, նա այն վարձակալությամբ տվել է ինչ-որ կազմակերպության, որն էլ այնտեղ տնտեսական գործունեություն է ծավալել: «Ի՞նչ կապ ունի իմ եղբայրն այդ կազինոյի հետ, առավել եւս` ինձ հետ ի՞նչ կապ ունի այն»,-ասել էր դատավոր Ավետիսյանը: Սակայն օրենքը թույլ չի տալիս ո՛չ դատավորին, ո՛չ էլ գյուղապետին իրենց անունով բիզնես ունենալ եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Եւ, բնականաբար, դատավորների հայտարարագրերում էլ նման տեղեկությունների չես հանդիպի:
Այս գործի դատաքննությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է: Իսկ մեկ այլ գործ՝ կրկին իրավապահ համակարգի աշխատակիցների հետ ընդհարվելու վերաբերյալ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: Այստեղ քննվող գործը, ի տարբերություն նախորդի, փողային կամ նմանատիպ հարցերի հետ առնչություն չունի. այստեղ մարդկանց՝ միզելու «սահմանադրական իրավունքն» է «խախտվել»: Իսկ դեպքի վայրը Խանջյան փողոցում գտնվող «Կրոշկա կարտոշկա» խորտկարանն է: Մեկ ամիս առաջ Նշան Սարգսյանն ու Էդվարդ Շահնազարյանը գնացել են, ինչ-որ առիթով կամ անառիթ քեֆ արել եւ քեֆները լավ գիշերվա ժամը 02:00-ին Խանջյան փողոցով իջել: Հանկարծ բնական կարիքները թեթեւացնելու մեծ ցանկություն է առաջացել, եւ ամենահարմար տեղը նրանց համար խորտկարանի պատն է եղել: Թարսի նման իրենց «իրավունքը» դրա համար չնախատեսված վայրում իրականացնելու պահին նրանց են մոտեցել ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ոստիկաններ Գրիգոր Գրիգորյանն ու Սերգեյ Ղազարյանը եւ դիտողություն արել տեսածի համար: Դա դուր չի եկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ընկերներին, եւ նրանք սկսել են աղմկել ու հայհոյել ոստիկաններին: Այժմ 27-ամյա Նշանն ու Էդվարդն ամբաստանյալի կարգավիճակով՝ խուլիգանության հոդվածի «վտանգի» տակ են… ընդամենը միզելու տեղի հարցում ճիշտ չկողմնորոշվելու համար:  

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս