ԻՄՓԻՉՄԵՆԹԸ՝ ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում լինել դասական ընդդիմություն: Երեկ նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրավիրված ասուլիսի ժամանակ: «Կոնգրեսն իսկապես կարող էր դառնալ դասական առումով խորհրդարանական ընդդիմություն, բայց քանի որ իշխանությունների հանցագործ գործողությունների պատճառով ընդամենը յոթ հոգի մտավ պառլամնետ, դա նշանակելու է, որ մենք զուգորդելու ենք խորհրդարանական պայքարը հանրահավաքային պայքարի հետ»,-մեկնաբանեց նա՝ հավելելով, որ հունիսի 26-ին Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքում իրենք լուրջ ասելիք կունենան:
Լ. Զուրաբյանն անդրադարձավ նախագահի առաջիկա ընտրություններին եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությանը: Ի դեպ, վերջերս տարբեր գործիչներ, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալիկ Արզումանյանը, հայտարարել էին, թե առաջին նախագահը չի առաջադրի իր թեկնածությունը: «Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների եւ մեկնաբանների, որոնք զբաղված են շահարկումներով ու հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով, մենք լուրջ քաղաքական ուժ ենք եւ նման կարեւորագույն որոշում ընդունելու ենք այն ժամանակ, որը նախատեսված է: Ի տարբերություն անլուրջ քաղաքական ուժերի՝ իրենք գիտեն, թե երբ կտան այդ հարցի պատասխանը,-հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով,-Իսկ եթե ձեզ հետաքրքրում է՝ Տեր-Պետրոսյանի թեկնածությանը տեսականորեն ոնց ենք վերաբերվում, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել եւ շարունակում է մնալ ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Նա ունի լրջագույն հեղինակություն, եւ այդ գնահատականները տարածվում են նաեւ ՀԱԿ-ից դուրս: Ես վստահ եմ, եթե հարցը դնենք այսպես՝ ով կարող է հաղթել բռնապետությանը, բռնապետության թեկնածուին, ապա պատասխանը պետք է փնտրել հետեւյալում՝ ով կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների: Ես վստահ եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս առումով այլընտրանք չունի»:
Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին իրենք կբարձրացնեն Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը, նշեց, թե դրա համար պետք է քաղաքական ճիշտ պահն ընտրեն: Իսկ ճիշտ պահ ասելով՝  Զուրաբյանը նկատի ունի այն, երբ ապահովվում է պատգամավորների առավելագույն աջակցություն: Նա հույս հայտնեց, որ իմփիչմենթի գործընթացին կմիանան բոլոր խմբակցություններից, այդ թվում՝ ՀՀԿ-ից: Ի դեպ, հենց այդ նպատակով էլ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել նաեւ ՀՀԿ-ականների հետ: Խոսելով Տ. Սարգսյանի՝ կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց հետ չհանդիպելուն, նշեց. «Լավ կլիներ՝ Տ. Սարգսյանը երեխայի նեղացկոտությունը մի կողմ դներ ու գար, մեր ֆրակցիայում ներկայացներ ծրագիրը, ոչ ոք նրան չէր վռնդելու: Վարչապետը, թեկուզ ապօրինի ընտրված, կարող էր գալ, եւ իր հետ սիրով կքննարկեինք այդ ծրագիրը: Եթե ուզում է, էլի թող գա: Եթե վստահ է ծրագրի ուժի վրա, թող փորձի համոզել իր իրավացիության մեջ»: Այնուամենայնիվ, ըստ Զուրաբյանի՝ Կոնգրեսը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրերին:
Ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթում հայտարարել էր, որ եթե կառավարությունը լավ ծրագիր ներկայացնի, ապա իրենք կողմ կքվեարկեն: Զուրաբյանը Բագրատյանի այս խոսքերը որակեց ՀԱԿ պատգամավորի կողմից լավ հռետորական քայլ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս