ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ՞ ԹԻՎՆ Է ՆՎԱԶԵԼ, ԹԵ՞ ՄԱՐԴԿԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Հայաստանում նվազել է գործազուրկների թիվը` դա պայմանավորելով սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմամբ եւ աշխատատեղերի ավելացմամբ: Թեեւ քիչ, բայց գործազուրկների թիվը նվազել է նաեւ Շիրակի մարզում: 2012թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը մեր երկրում կազմում է շուրջ 78.000: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել 14.8%-ով: Վիճակագրական վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ գործազուրկների ընդամենը 1.9%-ին է հաջողվել աշխատանք գտնել:
«2012թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Շիրակի մարզում գործազուրկների թիվը կազմել է 7661 մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 10.3 տոկոսով, իսկ աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 9174 մարդ, որը նախորդ տարվա համեմատ դարձյալ նվազել է 12.4%-ով»,-փոխանցեց ԱՎԾ ՇՄ վիճակագրական վարչության ամփոփ բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Զբաղվածության կենտրոններից էլ հայտնում են, որ աշխատանք փնտրողների մեջ շատ են երիտասարդները, որոնք փորձ չունենալու պատճառով չեն կարողանում աշխատանքի տեղավորվել: Ավելի բարդ կարգավիճակում են գտնվում պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձածները: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանն ասում է, թե պետությունն այս առումով որոշակի քայլեր ձեռնարկում է, որպեսզի խրախուսի գործատուներին: Մեկ տարի շարունակ պետությունը պարտավորվում է վճարել զինծառայությունից վերադարձած երիտասարդի աշխատավարձի 50%-ը: «Հաշվառված գործազուրկների մեջ դարձյալ տեսակարար կշիռը կազմում են կանայք՝ մոտ 70%: Ասեմ, որ նախորդ տարիների համեմատ ավելի երիտասարդացել է  դիմողների քանակը»,-նշեց Ամալյա Ադամյանը:
Անդրադառնալով գործազուրկների թվի նվազմանը՝ նշենք, որ խնդիրն այն է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք չեն կարողանում ընտանիքի կեցությունն ապահովել Հայաստանում, պարզապես հեռանում են երկրից: Շատերը հետո նաեւ ընտանիքին են տանում: Սա ինքնըստինքյան հանգեցնում է նրան, որ գործազուրկները պակասեն մեր երկրից:
Տնտեսագետ Արթուր Առաքելյանը եւս պնդում է, որ գործազուրկների թվի նվազումն արձանագրել ենք երկրից հեռացողների «հաշվին»: «Ովքեր գործազուրկ են, լքում են Հայաստանը կամ արտագնա աշխատանքի են մեկնում: Միանշանակ պնդել, որ այդ ամենը հետեւանք է տնտեսական զարգացման, տնտեսական աճի, ես չէի համարձակվի, որովհետեւ բոլորին ամեն ինչ հասկանալի եւ տեսանելի է»,-ասում է տնտեսագետը:
Իսկ զբաղվածության կենտրոնից հայտնում են, որ գործազուրկների թիվը շատ ավելին կլիներ, եթե չլինեին այսպես կոչված «թաքնված գործազուրկները»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս