Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան օրն է:
Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը։ Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։
Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տնից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելով Բեթհովենի երաժշտությունը, ասում է. «Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։