ԱՆՓՈՓՈԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վերջապես հայտնի կդառնա ՀՀ կառավարության կազմը: Եթե, իհարկե, ՀՀԿ-ն հերթական գիշերային քննարկումից հետո չորոշի մեկ-երկու օր էլ ձգել ներքաղաքական ինտրիգը: Չնայած` առանձնապես ինտրիգ չի էլ մնացել, քանի որ արդեն գրեթե հայտնի է, որ նորանշանակ կառավարության կազմում ՀՀԿ-ական նախկին նախարարների մասով որեւէ փոփոխություն չի լինելու. նրանք շաբաթ օրը կվերանշանակվեն: Ուստի հիմնական հետաքրքրությունը նախկինում ԲՀԿ-ին պատկանող  4 պորտֆելների շուրջ է: Եւ եթե այս իրավիճակին նայենք ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսի տեսանկյունից, ապա ստացվում է, որ կոալիցիա չմտնելով, ԲՀԿ-ն մասնակիորեն փրկեց Հանրապետականի դեմքը: Պատկերացրե՛ք, թե համակարգի ճահճացվածությունը որքան ավելի ցայտուն կերեւար, եթե ԲՀԿ-ի այդ 4 նախարարությունների մասով էլ որեւէ փոփոխություն չլիներ: Իսկ ինչո՞վ է Հանրապետականը բացատրում կառավարության կազմն անփոփոխ թողնելու իր որոշումը: Մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել էր, որ 7 ամիս անց Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ արդեն դրանից հետո կարելի կլինի ակնկալել լուրջ փոփոխություններ: Նախօրեին գրեթե նույնպիսի բացատրություն տվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն ՀՀ երկրորդ եւ երրորդ դեմքերի ներկայացրած հիմնավորումն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ինչն է խանգարում, որ փոխելու խոստումներ տված քաղաքական ուժը  հենց այս փուլում իրականացնի դրանք: Ի վերջո, եթե ոչ ընտրողների 44 տոկոսը, ապա նրանց մի զգալի մասն իսկապես «հավատացել» է ՀՀԿ-ին, որը, փաստորեն, ոչինչ չփոխելով` խաբում է այդ հատվածին: Եթե Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից հետո եւս 7 ամիս պիտի պահպաներ  ներկայիս ճահճացած վիճակը, ինչո՞ւ էր ուրեմն այդ դեպքում կրկնօրինակում Բարաք Օբամայի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Ի վերջո, կարելի էր վերցնել ավելի անորոշ մի բան, ասենք` «Հավատանք, որ հաղթենք», եւ դրանից հետո որեւէ  պարտավորություն չունենալ: Ընդ որում, հաղթել հասկացությունն այդ դեպքում կարելի էր մեկնաբանել ցանկացած ձեւով` հաղթել արտաքին թշնամուն, հաղթել ընտրություններում եւ այլն: Բայց` ոչ. ՀՀԿ-ն ՀՀ բոլոր գյուղերում եւ քաղաքներում շրջել է ու մարդկանց «փոխելու» խոստումներ տվել: Եւ ընդամենը 7 ամիս անց նույն Սերժ Սարգսյանն էլի ընկնելու է գյուղեգյուղ եւ նայելու է մարդկանց աչքերին, հետաքրքիր է` ինչ է ասելու: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ «գետանցման ժամանակ ձիերին չեն փոխում» սկզբունքով, Սերժ Սարգսյանը ձգտում է իր համար առավելագույն ձայներ ապահովել` ստիպելով, որ ուժերի գերագույն լարմամբ իր համար աշխատեն թե՛ ներկայիս նախարարները` հույսով, որ այդպիսով  կպահպանեն պաշտոնները, թե՛ պորտֆելների խոստումներ ստացածները` այդպիսով ապացուցելով, որ արժանի են պարգեւատրման: Դե` իսկ ժողովրդին տրված խոստումները կարեւոր չեն, ի վերջո, անցած ընտրություններում մի բան Հանրապետականն իրոք փոխել է` բարձրացրել է ընտրակաշառքի սակագինը:




Լրահոս