Ինչո՞ւ է իշխանությունը խուսափում հրապարակայնորեն խոսել տնտեսական քաոսի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում հրավիրվեց արտահերթ նիստ` Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները քննարկելու նպատակով: Նիստը մեկնարկեց ժամը 15-ին եւ շարունակվեց մինչեւ 22:15-ը: Մեկնարկից անմիջապես հետո ՀՀԿ-ի առաջարկով քվեարկության դրվեց արտահերթ նիստը դռնփակ ռեժիմով անցկացնելու հարցը:

Ու թեեւ արտահերթ նիստը հրավիրվել էր ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն էլ մասնակցեց նիստին մեկ պայմանով՝ եթե այն դռնփակ անցկացվի: Արդյունքում՝ որոշումը կայացվեց, եւ արտահերթ նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով:

Ըստ ՀՀԿ-ականների՝ դռնբաց նիստի դեպքում ոչ իշխանական պատգամավորները հատուկ լրատվամիջոցների համար կարող էին «շոու» սարքել, ինչն էլ ավելի կխորացներ հանրության շրջանում սկսված խուճապային տրամադրությունները: Այսինքն՝ իշխանություններն ընդունում են, որ հանրության շրջանում խուճապային տրամադրություններ են, ընդունում են, որ տնտեսությունում վիճակն այն աստիճան մտահոգիչ է, որ պետք է արտահերթ կարգով Աժ-ում այն քննարկվի:

Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանում բնակվող մարդկանց հանգստացնել: Բացի այդ՝ կարելի է կարծել՝ վիճակն այն աստիճան վատ է, որ իշխանությունները չեն համարձակվում այդ մասին հրապարակային խոսել: Ինչեւէ, մեր տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստին մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կեսից փոխարինել է նրա տեղակալը՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս