ԽՃՃՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

88-ի երկրաշարժից հետո հազարավոր անօթեւաններ բնակարան են ստացել: Մոտ 2000-ը բնակարանով կապահովվեն հաջորդ տարի, սակայն այդպիսով անօթեւանների խնդիրը վերջնական լուծում չի ստանա:  Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք ապրում են տնակներում, սակայն տարբեր պատճառներով չունեն անօթեւանի կարգավիճակ: Դա նշանակում է, որ հիշյալ ընտանիքները բնակարան ստանալու ոչ մի հեռանկար չունեն: Նրանք չեն կարող օգտվել նաեւ ԲԳՎ ծրագրից: Իսկ պատճառները յուրաքանչյուր դեպքում անհատական են:
Գյումրու Գարեգին Նժդեհի 223 տնակային տարածքի 060 տնակի բնակիչները տասը տարի շարունակ պայքարում են անօթեւանների հերթացուցակում ընդգրկվելու համար, սակայն ապարդյուն: Աթոյանների պատմելով՝ խնդիրն այն է, որ 1988 թվականին կորցրած մեկսենյականոց բնակարանում ընտանիքի անդամները գրանցված չեն եղել, քանի որ այն հատկացված է եղել տեքստիլ կոմբինատի ղեկավարության կողմից: Մեկսենյականոց բնակարանը նրանց է տրվել որպես բարելավում: 88-ին կորցրել են բնակարանը եւ արդեն 24 տարի ապրում են տնակում: Հետագայում անօթեւանների հաշվառման գործընթացին չեն կարողացել մասակցել, քանի որ չեն ունեցել փլված բնակարանի օրդերը: Արխիվային փաստաթղթերում երկար տարիներ փնտրել են, բայց ապարդյուն:
«Էդ օրդերի պատճառով չենք կարողանում անօթեւանի կարգավիճակ ձեռք բերել: Հիմա ունենք միայն մի տեղեկանք տեքստիլ կոմբինատից, որ մենք իրոք 4 հոգով բնակվել ենք էդ բնակարանում»,-պատմում է տանտիկին Վարդուհի Աթոյանը: Այդ միակ փաստաթղթով ընտանիքին որպես անօթեւան չեն հաշվառում: Տարիներ շարունակ դիմել են բազմաթիվ ատյանների, բայց անօգուտ: Բոլոր կառույցներից մեկ պատասխան են ստացել. հաշվառման համար անհրաժեշտ է գրանցում, որը չունի այս ընտանիքը:
Ոլորտի խնդիրներով զբաղվում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը: Բնակարանային հարցերով բաժնի պետ Տիգրան Հարությունյանին բնակիչները ներկայացրին իրենց խնդիրը, սակայն ընդամենը խորհուրդ ստացան՝ հարկավոր է դիմել դատարան, որպեսզի հաջողվի վերականգնել բնակարանային իրավունքները: «Ընդունում եմ, թյուրիմացություն է եղել, բայց ձեր իրավունքները միայն դատարանում կարող եք վերականգնել»,-տնակատերերին բացատրեց մարզպետարանի աշխատակիցը:
Սակայն ուշագրավն այն է, որ չկա վստահեցում, որ եթե անգամ դատարանը վճիռ կայացնի հօգուտ անօթեւանների, Աթոյանները կընդգրկվեն հերթացուցակում: «Մինչեւ երկրաշարժից անօթեւանների հարցը չլուծվի, էդ հարցերը չեն քննարկվի»,-շեշտեց Տիգրան Հարությունյանը:
Մարզպետարանից էլ հայտնում են, որ նմանատիպ խնդիրներ ունեցող անտուն քաղաքացիների թիվը Շիրակի մարզում շատ մեծ է, եւ նրանց բնակարանային հարցերը լուծելու համար դեռեւս որեւէ ծրագիր չկա: Իշխանությունները խոստացել են այդ հարցին անդրադառնալ բնակարանաշինական ծրագրի վերջնական ավարտից հետո միայն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս