20 դեկտեմբերի 2014 թ., Երևան. Beeline-ը Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ հայտարարում են App Armenia համակարգի գործարկման մասին։ App Armenia-ն բջջային հավելվածների և մոբայլ նախագծերի համար նախատեսված հարթակ է`ուղղված բջջային հայալեզու բովանդակությունը զարգացմանը ։
App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքը օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia բջջային հավելվածը հասնելի է Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։
«Beeline–ը, հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Այս տարվա ընթացքում մենք գործարկել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հարմարեցված են հայ հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն կօգնի կյանքը դարձնել ավելի լավ, այլ մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը և զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում կխթանի երիտասարդների ներգրավածությունը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս համակարգի գործարկումը ևս մեկ լուրջ քայլ է հայալեզու բջջային հավելվածների զարգացման գործընթացում։ Այսօր յուրաքանչյուր մարդու սմարթֆոնում կան ներբեռնված օգտակար բջջային հավելվածներ և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի App Armenia-ն դառնա արդյունավետ գործիք և պահանջված լինի օգտատերերի և բովանդակություն ստեղծողների կողմից»,– նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:
Ծրագրի շրջանակում առանցքային ուղղություններից մեկը հայալեզու բջջային նախագծերի ներկայացումն է, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկման և տեղեկատվության տարածումը: Միևնույն ժամանակ App Armenia համակարգը թույլ է տալիս օգտատերերին իրենց պաստառներով, ձայնային և ազդանշանային ֆայլերով կիսվել համակարգի այլ մասնակիցների հետ:
Հավելենք, որ App.am կայքում հրապարակվում են նաև բջջային հավելվածների մասին նորություններ և հավելվածները ներկայացնող նյութեր: Ավելին, հայալեզու ցանկացած բջջային հավելված կարող է գրանցվել համակարգում և ստանալ տեղեկատվություն ներկայացնելու հնարավորություն: