Քաղաքական լուրջ և կարևոր հարցերի շուրջ չպետք է տարբեր կարծիքներ լինեն: Այս տեսակետն այսօր արտահայտեց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ին դեմ է խոսում, եռյակի ներսում տարակարծություն կա, և դրա արդյունքում էլ քաղաքացիների հավատը կորում է համաժողովրդական շարժման նկատմամբ: Նման հարցերում տարակարծություններ չպետք է լինեն»,- նշեց Տիգրան Կարապետյանը: Վերջինիս կարծիքով` ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր երկիրը գնա կործանման:
«Ժողովուրդն էլ իր մեղավորությունն ունի. ակտիվ չէ: Ժողովուրդը պետք է հավատա, պահանջի արդարություն: Մենք անարդար խավարի մեջ ենք ապրում: Եթե մեծ զանգվածով կանգնի ոտքի, իշխանավորները ստիպված են լինելու ընկրկել: Եռյակի նկատմամբ հավատն էլ է կորել: Դրա մեջ էլ կա ժողովրդի մեղավորությունը. պահանջատեր չէ»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նա խոսեց նաև 2015 թվականի ակնկալիքներից` նշելով, որ ամեն ինչ լավ է լինելու և քաղաքական դաշտում ի վերջո ձայնը լսվելու է: