ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը: Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՆԵՎՐՈՒՄ Է
«Արմենպրեսս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը խոսել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործի մասին: Ըստ նրա՝ Օսկանյանը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը՝ գործին քաղաքական աստառ տալով եւ իր համար «անմեղ զոհի» կերպար ստեղծելով: Օսկանյանի եւ «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանի՝ ցուցմունք չտալու փաստի առթիվ ԱԱԾ պետն ասել է, որ թեեւ դա իրենց իրավունքն է, բայց իր բազմամյա փորձը հուշում է, որ այդպիսի վարքագիծ են դրսեւորում բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: Նա նաեւ նշել է, որ կարելի է բազում օրինակներ հիշել, երբ զարգացած երկրներում քաղաքական տարբեր գործիչներ հայտնվել են նմանատիպ իրավիճակներում՝ թե՛ որպես մեղադրյալ, թե՛ որպես վկա, բայց երբեք չեն խուսափել ցուցմունք տալուց եւ քննությանը աջակցելուց:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն Օսկանյանին խոսք է տվել արտասահմանից բարձր որակավորում ունեցող փաստաբաններ բերել՝ նրան պաշտպանելու համար:
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
Henaran.am-ը հաղորդում է, որ սույն ամսվա 17-ին՝ երեկոյան, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծեծկռտուք է տեղի ունեցել օդանավակայանի տարածքում գործող մի ընկերության մենեջերի եւ Մոսկվա մեկնող երկու եղբայրների միջեւ: Ըստ ականատեսների՝ երկու կողմերն էլ իրար «անխնա տվել են»:
Վիճաբանության պատճառը հայտնի չէ, բայց եղբայրները Մոսկվա մեկնելու փոխարեն բերման են ենթարկվել: Հետաքննություն է սկսվել:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ շարունակվում են իրենց կուսակցության դեմ ուղղված քաղաքական հետապնդումները, հանգուցալուծվում է կուսակցության՝ Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը, որը սկսվել էր 2008թ. հունիսից: 2012թ. մայիսի 18-ի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման թիվ 01/08-119/12 որոշմամբ ԺՀԿ-ն վտարվում է կենտրոնական գրասենյակից, որը տնօրինում էր 1996թ.-ից: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ պետությունն ապահովում է առաջընթաց դեպի քաղաքական մենաշնորհը եւ վերադարձ միակուսակցական ժամանակաշրջան` մարդկությանը հայտնի իր բոլոր հետեւանքներով. «Ժամանակն է հետեւություն անելու թե՛ քաղաքական ուժերին, թե՛ հասարակությանը՝ ելնելով 2013թ. ընձեռնվելիք հնարավորությունից, կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունը»:
ԱՊՏԱԿ ԵԱՀԿ-ԻՆ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ անդրադարձել վերջերս հաճախակի դարձած Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին: Հայտարարության մեջ ասվում է, որ սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը 8.15-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում սպանվել է ԼՂՀ ՊԲ զինվորական ծառայության զորակոչված զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:
«Ադրբեջանի սադրանքներն են, նախկինում ընդունված պարտավորությունների եւ պայմանավորվածությունների բոյկոտ, բացահայտ մարտահրավերներ ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ»,-ասված է փաստաթղթում: