«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ ԷԼԻ ԾԵԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հունիսի 17-ին 4 հոգի (այդ թվում՝ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը)՝ սպորտային հագուստներով, փորձել են մտնել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորան: Բայց մատուցողները նրանց արգելել են` ասելով, որ գնան ու փոխեն իրենց հագուստները: Փոխվելուց հետո նրանց հաջողվել է մտնել ռեստորան եւ սեղան պատվիրել, սակայն օրն անվտանգ չի անցել: Առաջացած վիճաբանության արդյունքում «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը հարվածել է Վահե Ավետյանին եւ Արտակ Բայադյանին:
Արդեն հրապարակված լուրերի համաձայն՝ հունիսի 17-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով իր անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել երկու զինվորական բժշկի: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանն է, որը հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Վահե Ավետյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վիրահատել են նրա գանգուղեղը: Նշենք, որ 1996-ից Վահե Ավետյանը ծառայում է Հայաստանի զինված ուժերում: Իսկ Արտակ Բայադյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը):
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արայիկ Մանուկյանը մեզ ասաց. «Ձեր նշած դեպքը, եթե իհարկե նման դեպք տեղի ունեցել է, ապա դա ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապ չունի: Այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել: Դիմե՛ք «Հարսնաքար» եւ ոստիկանություն»:
Մեկնաբանությունների համար դիմեցինք Ռուբեն Հայրապետյանին, որը համառորեն անջատում էր հեռախոսը՝ խուսափելով պատասխանել զանգերին:
«Հարսնաքար»-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ավելի ուշ «Պանորամա»-ին մեկնաբանեց. «Նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում: Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը, գնում է, հրում են իրար, ու նրանցից մեկը այդ կարճ պահին վայր է ընկնում: Չեմ կարող ասել, թե ով էր ընկել. ես հաճախորդներին անուններով չգիտեմ, այդ պահին բավականին շատ հաճախորդներ կային նստած: Նույնիսկ հարակից սեղաններից, որոնք բանկետ էին կազմակերպել, նեղանում էին ու մենեջերին կանչել եւ ասել են, թե ինչու են այդ խմբին տեղ տվել՝ նստելու: Ասել են` ավելի լավ է դո՛ւրս հրավիրեք, որ մենք հանգիստ մեր միջոցառումը անցկացնենք. իրենց վատ պահվածքի ու վատ արտահայտությունների համար»:
Իսկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձեց ամեն կերպ «մաքրել» իր կուսակցին. «Ո՞վ է ասում, որ իր հրահանգով է եղել: Ես նման իրավական խնդիրներին՝ ըստ մամուլի գրած սցենարների, չեմ պատասխանում»: Շարմազանովն անձամբ է ճանաչում Ռուբեն Հայրապետյանին, այդ պատճառով չի հավատում, որ նա կարող է հրահանգ տալ, որպեսզի որեւէ մեկին ծեծի ենթարկեն: «Իսկ մամուլի մեր գործընկերներին էլ կխնդրեի, նմանատիպ յուրաքանչյուր իրավախախտման դեպքերի հետ կապված, ամեն ինչ ճշտել ոստիկանությունից: Հետո, երբ ոստիկանությունը նյութեր կպատրաստի եւ կասի, որ այս կամ այն պատգամավորի մատը խառն է, ինչպես ժողովուրդն է ասում, այն ժամանակ ես՝ որպես ձեր խոնարհ ծառա, հստակ գնահատական կտամ»,-ավելացրեց Է. Շարմազանովը:
Զրուցեցինք նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ, որն ասաց. «Տեղյակ չեմ: Ես այսօր լրատվական կայքերը նայել եմ, բայց նման տեղեկություն չեմ տեսել: Այդ պատճառով որեւիցե բան չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում առաջին անգամը չէ, որ նման դեպք է գրանցվում: 2011-ի օգոստոսին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից Եզդի Աշոտ մականունով հայտնի Սնջոյանը մեղադրվում էր անզգուշությամբ 2 կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, երբ ռեստորանում հարսանեկան խնջույքի ժամանակ ծագած անհամաձայնությունն ավարտվել էր կրակոցներով: Դրա հետեւանքով 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը ոտքերի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս