ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 20 տարում Հայաստանում ծնելիության թիվը կտրուկ նվազել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 1992թ. ՀՀ-ում ծնվել է 70.581 երեխա, 2000 թվականին՝  34.276,  2010-ին՝ 44.825, իսկ 2011-ին հանրապետությունում ծնվել է ընդամենը 43.340 երեխա: ԱՎԾ տվյալներով` ներկայում կանայք միջինում ունենում են 1.7 երեխա:
Հոգեբան  Մարիամ Ավետիսյանի կարծիքով` ծնելիության այսքան ցածր ցուցանիշն աղետ է, ժողովրդագրության ճգնաժամի պատճառ: «Մեկ տասնամյակ հետո մենք բանակ գնացող երիտասարդներ չենք ունենալու: Մյուս կողմից, հասարակությունը ծերանում է, առանց այդ էլ մեր գենետիկորեն ծեր ազգի համար սա սոսկալի է երեւույթ է: Այս վիճակից դուրս գալու համար պիտի ձեւեր մշակվեն, այլապես կհայտնվենք փակուղում»,-ասում է հոգեբանը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 1992թ.-ին ՀՀ բնակչության թիվը հասնում էր 3,5 մլն-ի, այսօր այդ թիվը զգալի նվազել է` հասնելով  3 մլն 275 հազար մարդու: Նույն աղբյուրը վկայակոչում է, որ նկատվում է նաեւ բնական աճի կտրուկ նվազում:
«Մեր հանրապետությունում ընտանիքի մոդել կոչվածն աստիճանաբար փոխվում է: Եթե նախկինում հայն ունենում էր միջին հաշվով 3-4 երեխա, ապա այսօր  բավարարվում են 1-2 երեխայով»,-ասում է բժիշկ, մանկաբույժ Նարինե Հովհաննիսյանը:
Վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ, որ ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորված է սոցիալական ծանր դրությամբ: «Ասենք` 6 երեխա ունեցա, ո՞նց պահեմ, մեծացնեմ: Ո՞ւմ վրա հույս դնեմ, պետությա՞ն»,-ասում է Նատաշա Ուլիխանյանը: Տիկինն ապրում է Թալինի տարածաշրջանում, զբաղվում է հողագործությամբ եւ ոչխարաբուծությամբ: «Ունեմ 2 երեխա, հազիվ եմ պահում, ամեն սեպտեմբերին մի քանի ոչխար ենք ծախում, դպրոցի հարցերն ենք հոգում, իսկ որ ուսանո՞ղ դարձան… Հո միայն երեխա բերելո՞վ չէ»,-ասում է կինը:  
Արեգ տատը, 1952թ. սկսած, լույս աշխարհ է բերել 8 զավակ: Մեծացրել է, ուսման տվել, ամուսնացրել: Սակայն որդիներից 2-ը դեռեւս վարձով են ապրում, ինչը շատ է հուզում 79-ամյա կնոջը: «Սովետի ժամանակ երեխա բերելը պատիվ էր: Երբ եռյակս ծնվեց, պետությունն ինձ բնակարան տվեց: Իսկ հիմա մի ամբողջ կյանք ապրես, ստացածդ աշխատավարձով չես էլ կարող հավաբուն գնել: Հիմա շատ երեխա ունենալը մոդա չէ: Մեր հայ կանայք եվրոմայրեր են դարձել: Չնայած, եթե իմանայի, որ երեխաներս ու թոռներս այսպիսի պետությունում են ապրելու, գուցե ես էլ ութ երեխա չունենայի,-ասում է Արեգ տատն ու հավելում,-Փոքր տղաս 16 տարի է` վարձով է ապրում. երկու արու զավակ ունի, բանակից վերադառնան, ընտանիք կազմել կուզենան, տղաս ո՞նց է գլուխ հանելու»:
Արեգ տատի կարծիքով` Հայաստանում բնակարանների գինը որքան էլ իջնում է,  միեւնույն է, վարձով բնակարանների վճարը չի իջնում: Շարքային քաղաքացու համար թե՛ բնակարան ձեռք բերելը, թե՛ վարձով բնակվելը հավասարաչափ դժվար է:  Ուրեմն, ըստ Արեգ տատի, կա մի ելք միայն, որ մեր տղամարդիկ մեկնեն այլ երկիր` արտագնա աշխատանքի, 2-3 տարի օտարի համար մեջք ծռեն, ու եթե բախտները բերի` վաստակած գումարը տան, գան ու քաղաքի ծայրամասում մի կիսաքանդ բնակարան գնեն:
Որպես Հայաստանում ծնելիության անկման ցավալի, սակայն վառ օրինակ, նշենք Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը, որն այս տարի կունենա ընդամենը մեկ առաջին դասարանցի: Խորհրդային տարիներին դպրոցում սովորում էր 420 աշակերտ, իսկ այսօր դպրոցի սաների ընդհանուր թիվը այդ տարիների մեկ լրիվ դասարանի չափ է` 38 աշակերտ:

ՍՈՒՍԱՆՆԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս