ՆԵՐՍՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՍԱՀՄԱՆԻՆ՝ ՍՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանը հայտնվել է հերթական սկանդալի մեջ: Հայրապետյանի հրահանգով նրան պատկանող ,Հարսնաքարե ռեստորանում անվտանգության աշխատակիցը դաժան ծեծի է ենթարկել զինվորական հոսպիտալի բժիշկներ, մայոր Վահե Ավետյանին ու Արտակ Բայադյանին, ինչի հետեւանքով 34-ամյա Ավետյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ու հիմա նրա կյանքին վտանգ է սպառնում: Միջադեպի հերոսը բերման է ենթարկվել, սակայն իրավապահները չեն շտապում նրան ձերբակալելու հարցում: Հուսանք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը նախօրեին իր ելույթում նշում էր, թե ոչ ոք չի ներվելու՝ անկախ կուսակցական լինելու հանգամանքից, կտրուկ քայլեր կձեռնարկի: Թեպետ երեկ ՊՆ-ն գործը “տարավ” իր քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավում՝ ասուլիսներից մեկի ժամանակ, Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ինքը կամ Սամվել Ալեքսանյանը նրան ծեծեն, բայց իրենք չեն գնում այդ քայլին. Սերժ Սարգսյանից հստակ հրահանգ ունեն, որ չի կարելի նման բան անել: Փաստորեն, Սերժ Սարգսյանի հրահանգը գործել է մինչեւ ԱԺ ընտրությունների ավարտը, եւ հիմա Նեմեց Ռուբոն կրկին գործի է դրել մարդակերների իր թիմը, որոնք նախորդ տարվա օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը կրակել ու վիրավորել էին 2 հոգու: Հարուցված քրեական գործն էլ լուրջ ընթացք չստացավ. Նեմեցի թիկնապահին մեղադրանք առաջադրելուց որոշ ժամանակ անց գործը կարճեցին՝ հանցակազմի բացակայության պատճառով:




Լրահոս