Հանրային պաշտպանները կառնվեն խիստ հսկողության տակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային պաշտպանի գրասենյակը 2015 թվականին գտնվելու է Փաստաբանների պալատի թիրախում, քանի որ հիմնական խնդիրն այն է, որ մեր երկրում տարածված կարծրատիպ է՝ ինչն անվճար է, անորակ է: Այս կարծրատիպը պետք է կոտրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես խոսեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հանրային պաշտպանների աշխատանքին և նրանց վստահորդների բողոքներին: Ա. Զոհրաբյանը նշեց նաև, որ հանրապետության 50 հանրային պաշտպանի հաստիքները բավարար չեն ակտիվ գործունեություն ծավալելու համար, ինչի արդյունքում հանրային պաշտպանները շատ ծանրաբեռնված են աշխատում:

«Բոլոր հանրային պաշտպանների համար նախատեսում ենք ձեռք բերել ձայնագրիչներ, և պարտադրելու ենք, որ նրանք ձայնագրեն իրենց ելույթները: Ստեղծել ենք նաև մոնիթորինգի բաժին, քանի որ հիմնականում հանրային պաշտպանների վստահորդներն են համարվում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ և, բնականաբար, կարող են լինել բազմատեսակ չարաշահումներ: Մոնիթորինգի բաժինը, որում աշխատելու են փաստաբաններ, հսկելու են հանրային պաշտպաններին, հանդիպելու են վերջիններիս վստահորդների հարազատների հետ և փորձելու են բացահայտնել՝ հանրային պաշտպանը վստահորդների հարազատներից գումար վերցրել է, թե՝ ոչ»,- ներկայացրեց Փաստաբանների պալատի նախագահը՝ միաժամանակ հավելելով, որ չարաշահումների բացահայտման դեպքերում, հնարավոր է, հանրային պաշտպանն արտոնագրից ազատվի:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ նաև փաստաբանների մասնագիտական վերապատրաստման հարցին և հայտնեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել նաև այս ուղղությամբ: Միայն այս տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ Երևանում և հանրապետության մարզերում կազմակերպվել է 100 վերապատրաստման դասընթաց, որոնց ընթացքում մասնագիտական վերապատրաստում է անցել ավելի քան 950 փաստաբան:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս