Սեփական փողը մսխելու մեր համառ փորձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արտարժույթի շուկայում վերջին օրերին դոլարային հիստերիան փոքր ինչ հանդարտվեց, սակայն առավել համառները դեռ շարունակում են տարիներով կուտակած գումարն աննպատակ վատնելու փորձերը: Արտարժույթի փոխանակման կետերը հաճախորդների պակաս չեն զգում: Դոլար է, որ առնում են…. Թեև հայտնվեցին խելամիտ կարծիքներ և կոչեր՝ դադարեցնել արտարժույթի առքուվաճառքի միջոցով փող աշխատելու անիմաստ ճիգերը: Սակայն մարդկանց վրա, կարծես թե, չի ազդում անգամ վնասը, որը հենց իրենք կրեցին ու դեռ կկրեն, եթե այսպես շարունակեն:

Հարևանուհիս Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումները պահում էր բանկերից մեկում` որպես ավանդ: Գումարը մինչ «հայտնի դեպքերը» դրամով էր: Բայց, ինչպես և այլք, նա նույնպես, մատնվելով համընդհանուր խուճապին, ժամկետից շուտ հանեց իր գումարը բանկից և վերածեց դոլարի: Այդ ժամանակ դոլարի փոխարժեքն իր բարձրունքում էր, բայց դե «գոնե քիչ վնասով դուրս գամ, հետո ավելի կաճի» արտահայտությունը շատերին ստիպեց այդ կերպ վարվել:

Դոլարի փոխարժեքն, իհարկե, չաճեց, ավելին` նվազեց, բանկերն էլ, ի հեճուկս որոշ հոռետեսների, բնականոն հունով շարունակեցին իրենց աշխատանքը: Ու հիմա սկսվեց հակառակ գործընթացը` մարդիկ գումարները հետ են բերում բանկեր, որոնք վերջին օրերին ավանդների ընդունման առավել ձեռնտու տարբերակներ են առաջարկում: Իմ հարևանուհին ևս «հետ տանեմ բանկ, գումարի վրա տոկոս կգա, իրենց պայմանները լավն են» արտահայտությամբ գումարը վերադարձրեց այն նույն բանկը, որից մի քանի օր առաջ խուճապահար հետ էր պահանջել իր ավանդը: ներկայացվածը, թեև մասնավոր դեպք է, բայց շատ շատերին է վերաբերում. օրինակ՝ հարևանուհիս տուժեեց՝ զրկվելով ավանդի դիմաց եկամտից՝ ժամկետը չլարացած՝ այն հանելու համար: Բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, թե քանի նման դեպք է եղել, պետք է արձանագրել՝ տուժեց մեր տնտեսությունը:

Հայաստանը փոքր երկիր է. սուտ թե ճիշտ, լուրերն արագ են տարածվում, ու մարդիկ հաճախ գործում են՝ մեկը մյուսին նայելով: Ու երբ քաղաքում պտտվում են լուրեր, թե այս կամ այն պետական չինովնիկը կամ լայն կապեր ունեցող մեծահարուստը փողը հաշիվներից հանում, տանում է տուն, ապա ի՞նչ պետք է մտածի շարքային քաղաքացին, որն ընդամենը մի փոքր խնայողություն ունի: Ու ցավալին այն է, որ այդօրինակ ապատեղակատվությունից ամենից շատ տուժում է հենց այդ քաղաքացին: Ու մեկը չկա՝ ասի՝ ա՛յ ժողովուրդ, հանգի՛ստ թողեք ձեր ավանդները, մի՛ զրկեք ձեզ տոկոսներից ու դադարեցրե՛ք սեփական փողը դրամ-դոլար խաղերով քամուն տալու համառ փորձերը: Ինչպես ասում է իմ հարևանուհին, «գումարը որ թողեցի տանը համ եկամուտ չի բերի, համ էլ այնպես կծախսեմ, ես էլ չեմ զգա…»:




Լրահոս