ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԻՆՁ ՉԵՄ ՆԵՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում հունիսի 13-ին տեղի ունեցած բժշկա-ադմինիստրատիվ կոնսիլիումի (գիտաժողով) ժամանակ որոշվեց, որ ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի բուժման հարցով բանակցություններ կվարեն Իսրայելի հետ: Դրանից հետո Գեւորգի համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Իսրայել: Սակայն առայժմ պատասխան չկա:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան Մարտակերտի պաշտպանության ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Գեւորգը հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրա մոտ ախտորոշվել է պարանոցային ողի եւ ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն` պարանոցային վեցերորդ ողից ներքեւ նրա ողնուղեղը չի «աշխատում»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ ռազմաբժշկական վարչության հոսպիտալային բաժնի պետ Մանվել Վարդանյանն ասաց. «Գեւորգի հետագա բուժման համար դիմել ենք Իսրայելի բուժհաստատություններից մեկին, որտեղ մեզ ասացին, որ իրենք պետք է կոնսիլիում անեն»:
Վարդանյանի խոսքերով՝ գումարի չափը պաշտպանության նախարարության համար խնդիր չէ. «Բայց, իմ կարծիքով, ավելի էժան կլինի Իսրայելի տարբերակը, քան Գերմանիայի առաջարկածը: Եւս մեկ անգամ կրկնեմ` գումարի չափը նշանակություն չունի»: Նրա համոզմամբ՝ քանի որ Իսրայելում պատերազմական վիճակ է, այդ պատճառով նման դեպքեր շատ կլինեն. «Բացի այդ, այնտեղի հոսպիտալներն ավելի հարուստ են ժամանակակից սարքավորումներով: Անձամբ եմ տեսել այդ ամենը»:
Իսկ եթե Իսրայելի բուժհաստատությունը Գերմանիայի նման նորից ձգձգի հարցի լուծումը, ի՞նչ քայլեր կձեռնարկի ՊՆ-ն: Կբանակցի մեկ ա՞յլ երկրի հետ: Այս հարցերին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել եւ ասել, թե որ երկրի հետ կբանակցենք: Մեզ համար կարեւոր է, որ արդյունք ունենանք»:
Իսրայելի բուժկենտրոնի մենեջերի հետ խոսել է նաեւ Գեւորգի հայրը` Էդիկ Եղիազարյանը. «Երկու օր ժամանակ են վերցրել, որպեսզի քննարկեն եւ տեսնեն, թե ինչով կարող են օգնել Գեւորգին: Նրանք ասացին, որ հնարավոր է՝ ոչինչ չկարողանան անել»: Գուցե Գեւորգին տանեն Իսրայել եւ նորից հետ բերեն: «Չեմ ուզում մեր հայ բժիշկներին վիրավորեմ, բայց ինձ թվում է՝ նրանց տեխնիկան ու փորձն ավելի հարուստ է»,-համոզմունք հայտնեց հայրը:
Գեւորգը, իհարկե, դեռ չգիտի, որ չի գնալու Գերմանիա, բայց հույսով սպասում է, որ շուտով կմեկնի: «Սա ուղղակի ծնողական վերջին հույսն է: Ի՞նչ անենք, ասե՛ք: Ամբողջ կյանքում ինձ չեմ ների, որ չտանեմ ոչ մի տեղ ու ոչինչ չանեմ որդուս համար: Իսկ միգուցե այնտեղ մի բա՞ն անեն: Դա իմ, կնոջս ու որդուս հույսն է»,-դողդոջուն ձայնով անկեղծացավ Է. Եղիազարյանը: Իհարկե, լավ կլինի, որ Գեւորգին Հայաստանում բուժեն. «Խիղճս հանգիստ կլինի, որովհետեւ կարող եմ ամեն օր գնալ եւ տեսնել նրան: Բայց, չգիտես ինչու, ավելի շատ վստահում եմ արտերկրի բուժհաստատություններին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս