Արդեն հայտնի է ՀՀ գործադիր մարմնի անդամների ամբողջական կազմը, եւ պարզ է, թե ում հետ է Սերժ Սարգսյանը պատրաստվում աշխատել մինչեւ իր նախագահության վերջին ամիսները: 2013-ի փետրվարին մեր երկրում կրկին նախագահական ընտրություններ են սպասվում, եւ ՀՀԿ առաջնորդը պիտի կրկին դռնեդուռ ընկնի, որպեսզի համոզի ընտրել իրեն:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ չփոփոխված այս դեմքերով հաջողություններ արձանագրել նախագահական ընտրություններում՝ հաշվի առնելով մայիսին տված նրա խոստումը՝ հավատանք, որ փոխենք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իսկ ինչո՞ւ ոչ: Վստահ եմ: Դուք ինքներդ փոխվում եք ամեն ժամ եւ ամեն օր: Գիտեք, մարդն ինքը հաստատուն չէ ե՛ւ հոգեբանությամբ, ե՛ւ գործողություններով, ե՛ւ տրամաբանությամբ:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Թունելի Հակոբ)
ԱԺ սոցիալական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական
ՊԱՏԱՍԽԱՆ. Հենց նոր եմ վերադարձել արտասահմանից եւ Հայաստանի դեպքերին ծանոթ չեմ: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կազմի փոփոխություններն է նկատի ունեցել, երբ ասել է` հավատանք, որ փոխենք: Եթե Ձեր հարցն այն է, թե նախագահական ընտրություններին նոր նշանակումները կխանգարեն կամ չեն խանգարի, ասեմ, որ չեմ կարծում, թե դրանք անմիջական կապ ունեն իրար հետ:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե ո՛չ: Մի խոսք կա, որ ոչնչից նույնիսկ աստվածների կամքով ոչինչ չի ստեղծվում, իսկ կառավարությունն արդեն ապացուցել է, որ ինքը ոչնչի ընդունակ չէ: Համոզված եմ, որ ոչինչ էլ չի փոխվի: Նրանք դեռ պետք է պատասխան տային Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Բացի այդ, եթե այդ վարչապետն այդքան լավն էր, Սերժ Սարգսյանը քարոզարշավին մասնակցելու ժամանակ, կոպիտ ասած, պետք է այդ վարչապետին գրկած տաներ հետը, բայց տեսանք հակառակը՝ վարչապետը թաքնված էր: Պարզ է մի բան, որ վարչապետը ցույց տալու բան չէ: Եթե Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին պետք է վարչապետով գնա, ապա ասեմ, որ վատ դիրքում է հայտնվելու: Մի կողմից կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հարմար պահը կգտնի՝ զոհաբերելու, ըստ շախմատային կանոնների, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ արդեն ուշացրել է:
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
“Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Որեւէ փոփոխություն չկա: Նույն թիմն է, որը ձախողել է Հայաստանի նախորդ տարվա տնտեսությունը: Մինչեւ նախագահական ընտրություններն այնքան քաղաքական վերադասավորումներ կլինեն, որ եզրակացություններ անել կամ խոսել այդ մասին շատ շուտ է:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ