Հովիկ Աբրահամյանի խիստ հրահանգն անտեսվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ 2014թ. հունիսի վերջն այն գործարկել:

Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցրել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը. գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 21-ին կայացած Կառավարության նիստում զայրացավ, երբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման համար հարկ եղավ պետական բյուջեից լրացուցիչ 55 միլիոն դրամ հատկացնել:

Նշենք, որ մինչ այդ ճանապարհի շինարարության համար տրվել էր 535 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը համարվում է ռազմավարական, այն սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգության համար կարեւոր է, սակայն դրա գործարկումը հետաձգվել է մինչեւ 2015թ. գարուն: Որպես շինարարության ձգձգման պատճառ հիմա էլ նշվում է ձմեռային եղանակը:

Դեկտեմբերի 15-ին Վազաշեն-Պառավաքար հատվածում, հիմնական ճանապարհին քարեր էին շարել, որպեսզի ավտոմեքենաները երթեւեկեն կիսակառույց շրջանցիկ ճանապարհով: Սակայն այդ տարածքով երթեւեկողները հիմնական ճանապարհին շարված քարերը մասամբ հեռացրել են եւ երթեւեկում են այդ եւ ոչ թե կիսակառույց շրջանցիկ ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհին առկա, ադրբեջանական գնդակոծություններից երթեւեկի անվտանգությունն ապահովող պատի շինարարությունը կիսատ է, ուստի այն հազիվ թե ապահովի խճապատ, ոչ բարեկարգ ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը: «Խաչհար» ՍՊԸ-ն պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի 30-ն ավարտել կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը:

Այդ ընկերությունն էլ խախտեց ճանապարհը գործարկելու ժամկետը: Սակայն դրա համար «Խաչհարի» հանդեպ առայժմ որեւէ պատժամիջոց չի կիրառվել: Նշենք, որ 2013 թվականի ընթացքում սահմանի այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Ռազմավարական ճանապարհի գործարկման ձգձգման, նախատեսված ժամկետների խախտման համար ո՞վ պետք է պատասխան տա: Հարցը, ցավոք, մեր ներկայիս կառավարման համակարգի պայմաններում զուտ հռետորական է:

Ոսկան Սարգսյան




Լրահոս