ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ԿՌԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում գումարված արտահերթ նիստի ժամանակ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, բոլոր կուսակցությունները, որոնք իրենց չեն համարում իշխանություն, պետք է հայտարարեին, որ ընդդիմություն են: Բոլորը հայտարարեցին այդ մասին, բացի ԲՀԿ-ից:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ընդդիմություն են, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, իսկ ԲՀԿ-ն այդպես էլ մնաց անհասկանալի կառուցողական-այլընտրանքային դաշտում:
Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչ դիրքորոշում որդեգրի: Բայց, ի վերջո, անհասկանալի են մնում մի շարք հարցեր: Դիցուք ԲՀԿ-ն դեմ է իշխող ռեժիմին, ապա ինչո՞ւ համաձայնեց իր կուսակցության անդամին «ազատել» կուսակցությունից եւ նշանակել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Բոլորին է հայտնի, որ եթե այժմյան նախարար Հրաչյա Ռոստոմյանը անգամ դադարեցրել է իր անդամությունը ԲՀԿ-ին, դեռ չի նշանակում, որ նա չի շփվելու ԲՀԿ-ականների հետ, «հոգով» չի աշխատելու ԲՀԿ-ի օգտին: Երեկ ԱԺ-ում այդ նախարարը շարունակ շրջում էր ԲՀԿ-ականների հետ:
Բացի այդ, չմոռանանք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եւ եթե վերջինս դեմ է Սերժ Սարգսյանի իշխանությանը, ապա ինչո՞ւ է մինչեւ այժմ ղեկավարում այդ կառույցը: Նա մինչ օրս դուրս չի եկել նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կազմից, որտեղ կայացնում են երկրի համար ամենակարեւոր որոշումները: Ընդ որում այդ որոշումները կայացվում են Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Հետաքրքիր է, թե ինչպես է այլընտրանքային ուժը հանդուրժում իր ներկայությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած որեւէ կառույցում: Այս հարցը, կարծում ենք, մեկ պատասխան ունի. ԲՀԿ-ն ընդամենը իր անհամաձայնությունն է արտահայտում գործող վարչապետի եւ կառավարության որոշ անդամների վերաբերյալ: Սա պարզ դարձավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթից, որում վերջինս նշեց, թե մեր երկրում ոչ մի բան չի փոխվել՝ կառավարությունը նույնն է, վարչապետը նույնն է, հետեւաբար իրենք դեմ են այդ կառավարության ներկայացրած ծրագրին: Այսինքն՝ ԲՀԿ-ի միակ կռիվը վարչապետի պաշտոնն էր, որը ստանալուն պես երկիրը կսկսեր բարգավաճել, մարդիկ կդադարեին արտագաղթել, եւ բոլորը կապրեին գոհ ու երջանիկ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս