ՓՈՐՁԱՆՔԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԲՀԿ-Ի ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 12:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Օջախ» ռեստորանի մոտ Երեւան-Աբովյան երթուղու՝ ԲՀԿ-ին պատկանող բարեգործական անվճար «ՊԱԶ» կոչվող ավոտոբուսը հարվածել է «Ջիփ» մակնիշի մեքենային: Տուժածների թիվը, ըստ նախնական տվյալների, 8-ն է, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այդ բարեգործական ավտոբուսների «հովանավորը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Դրանք  վնասում են Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական դարձած Արթուր Հարությունյանի՝ Պալաչի բիզնեսին:
Երեկվա վթարից տուժել են «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 համարանիշի ավտոբուսի վարորդ, Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հակոբյանը, ուղեւորներ՝ Բալահովիտ գյուղի բնակիչ 27-ամյա Անահիտ Միքայելյանը, Մայակովսկի գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Լուսինե Թորոսյանը, 58-ամյա Էմմա Մելիքյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Լուիզա Ղուկասյանը, 57-ամյա Ծաղիկ Կարապետյանը, 22-ամյա Վլադիմիր Փայտյանը եւ 17-ամյա Գոհար Խաչատրյանը:
Իսկ ավտոբուսին բախված «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ 27-ամյա Կարեն Աբրահամյանն է, որը վնասվածքներ չի ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսի արգելակները չեն աշխատել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ բախումը:
Նշենք, որ այդ բարեգործական երթուղայինները համարվում են ուսանողական, բայց դրանից օգտվում են Կոտայքի մարզի գրեթե բոլոր բնակիչները: Երեւան-Աբովյան երթուղին մրցույթով շահել է Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի  ընկերությունը, իսկ երբ Հարությունյանն անդամագրվեց ՀՀԿ-ին, ԲՀԿ առաջնորդը հենց նույն ուղղությամբ բարեգործական երթուղի «դրեց»՝ սանիկին այդ կերպ պատժելու համար:
Դրա համար էլ հիմա լուրեր են շրջանառվում, որ այս բարեգործական երթուղայինների կրկնվող վթարների «կազմակերպիչը» (թեկուզ «նավսելու» եղանակով) Արթուր Հարությունյանն է, որը ցանկանում է ահաբեկչություններով մարդկանց արգելել օգտվել Ծառուկյանի անվճար երթուղուց: Մենք մի առիթով գրել էինք, որ  Արթուր Հարությունյանին Հանրապետական կուսակցությունը խոստացել էր Ծառուկյանի դեմ դուրս գալուց հետո մեծ հնարավորություններ տալ, օգնել, սակայն մինչ այժմ ՀՀԿ-ն չի մեկնել այդքան սպասված օգնության ձեռքը: Հարությունյանը շարունակում է տուժել, քանի որ նրա 259 համարի երթուղուց այսօր շատ քչերն են օգտվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ կապ ունի նա այս անգամ տեղի ունեցած վթարի հետ: Վերջինս ասաց, որ իրեն հանգիստ թողնենք, քանի որ ինքը չի ցանկանում որեւէ բան խոսել լրատվամիջոցներով. «Ես ի՞նչ կապ ունեմ, էդ ավտոբուսը գնացել խփել է եսիմ ինչ ավտոյի, ես այդտեղ ի՞նչ կապ ունեմ, ես ի՞նչ մեղավոր եմ, ինչի՞ են իմ անունն այդտեղ հոլովում, կարող եք մարդիկ ուղարկել ու ինքներդ նայեք՝ ինչն ինչոց է»:
Հարցին, թե ինքը նեղացած չէ ՀՀԿ-ականներից, որոնք իրեն խաբեցին, ինչի արդյունքում մինչ օրս վնասով է աշխատում, Պալաչը պատասխանեց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք՝ նեղված եմ, թե չէ: Ամեն ինչն էլ նորմալ է, շնորհակալ եմ»:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այս տարվա մարտի 2-ին պայթեց ԲՀԿ-ի ավտոբուսներից մեկը, որից տուժեց միայն վարորդը: Դրանից հետո «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մայիսի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, տեղի է ունեցել երկրորդ դեպքը. կրկին հրդեհ էր բռնկվել Երեւան-Աբովյան երթուղին բարեգործական հիմունքներով սպասարկող ավտոբուսում: Բարեբախտաբար, այդ օրը զոհեր ու վիրավորներ չկային:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս