ՀՀ արդարադատության նախարար ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ “Հարսնաքար” ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո իր համար հասկանալի է դարձել, որ Հայրապետյանը մեծ ցանկություն ունի, որպեսզի պատժվեն իրական մեղավորները:
-Պարո՛ն նախարար, Ձեր հարազատ կուսակցությունն իր նախընտրական քարոզչության ընթացքում բոլորին հորդորում էր` “Հավատանք, որ փոխենք”: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Ինձ թվում է՝ հանրության մի մասը ճիշտ չհասկացավ այդ կարգախոսը: Դա շատ ավելի խորն էր այն առումով, որ յուրաքանչյուր հայ պետք է հավատա իր ուժերին, հավատա, որ Հայաստանը կարող է լինել հզոր երկիր եւ բոլոր ոլորտներում հասնել հաջողության: Հուսահատությունն այսպես եղել է, այսպես էլ կմնա, ո՞վ ա ինչ փոխել, որ ես փոխեմ. սրանք հակապետական տրամադրություններ էին, եւ այդ կարգախոսով պետք էր ամեն ինչ փոխել: Եւ դա կոչ չէր, որ միայն այդ քաղաքական ուժին հավատան: Պետք է յուրաքանչյուրը հավատա ինքն իրեն, հավատա մեր երկրին: Մենքի գաղափարն է այնտեղ դրված, որը, իմ կարծիքով, հասարակության մի մասը փորձեց գուցե միտումնավոր նենգափոխել, շեղել. ի՞նչ եք արել, որ հավատանք, ինչի՞ հավատանք եւ այլն:
-Կառավարությունն այսօր ներկայացնում է մի ծրագիր, որին իսկապես անհնար է հավատալ: Դուք հավատո՞ւմ եք, որ դա իրագործելի ծրագիր է:
-Իմ ծրագիրն է, որը ես մի քանի ժամ ներկայացրել եմ, ես մոտ օրերս կներկայացնեմ այդ ծրագրի բաղադրիչներից մեկը՝ դատաիրավական բարեփոխումները:
-Ներկայացնում եք բարեփոխումները, սակայն հասարակությունն այդպես էլ այդ բարեփոխումները գործնականում չի տեսնում: Այսօր բոլորը բողոքում են դատաիրավական համակարգից:
-Եթե դու առավոտը զարթնում ես եւ չես հավատում, որ գործի կհասնես, ուրեմն մի՛ գնա, եթե դու չես հավատում, որ բուհ կընդունվես, ուրեմն դու չես ընդունվելու բուհ: Այսինքն՝ սա առաջին նախապայմանն է առաջ շարժվելու համար:
-Դուք հայտարարեցիք, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում ծեծի ենթարկվածներից մեկը Ձեր անմիջական հարեւանն է: Որպես հարեւան եւ արդարադատության նախարար՝ այցելե՞լ եք նրան, պարզե՞լ եք` ինչ է իրականում տեղի ունեցել:
-Մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մուտքն արգելվում է, բացի բժիշկներից, ուրիշներին չի կարելի այնտեղ գնալ: Իսկ մեկը նշեցի, որ իմ հարեւանն է, որի ծնողների հետ նաեւ երեկ՝ երեկոյան, իրենց տանը խոսել եմ: Ի՞նչ է, Ձեզ թվում է, որ գնամ հիվանդանոց, արդարությունը վերականգնվելո՞ւ է:
-Որպես ՀՀ արդարադատության նախարար՝ Դուք չե՞ք կարող վերականգնել արդարությունը, Ձեզ դա չի՞ հետաքրքրում: Ձեր կուսակից ընկերոջը` Ռուբեն Հայրապետյանին, հանդիպե՞լ եք, ասե՞լ եք, որ սխալ ու շատ տհաճ երեւույթ է տեղի ունեցել:
-Ի՞նչ խոսեմ, նախաքննություն է ընթանում, ես ոստիկան չեմ, որ գնամ ու էդ ամբողջը պարզեմ, կա ոստիկանապետ, որը, իմ կարծիքով, իր աշխատանքները գերազանց է կատարում: Երեկ եմ Ազգային Ժողովում հանդիպել ու բարեւել, ուրիշ խոսակցություն չի եղել: Իր հայտարարությունից հետո իմ տպավորությունն այն էր, որ առաջին ցանկացողը, որ նրանք համապատասխան պատիժ կրեն, Ռուբեն Հայրապետյանն է, եւ դա ճիշտ է: Հուսով եմ, որ այդպես կշարունակվի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ