ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում սկանդալային գնահատականներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների մասին: Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ ՀՀ-ի ինքնիշխանությանը:
 “Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն ՀՀ-ն այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայնդեպս՝ հրապարակայնորենե,-ըստ “Ազատության”՝ ասված է զեկույցում: Նաեւ նշված է, որ 2003 թվականին ՌԴ-ն տոտալ վերահսկողություն ձեռք բերեց ՀՀ-ի էներգետիկ շուկայի վրա: “Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին ՀՀ նախագահը, փաստացի վաճառեց ՀՀ-ն ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին եւ ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին”,-գրել է բրիտանական հայտնի վերլուծական կենտրոնը: Ըստ նրանց՝ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյանը ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն 2008-ին, երբ նա ընտրվեց նախագահ, երկրի մեծ մասը արդեն վաճառված էր:
Chatham House-ն իր զեկույցում առանձին բաժնով անդրադարձել է ԼՂ խնդրին՝ նշելով, որ հակամարտության առաջին տարիներին ՌԴ-ն աջակցում էր հայերին՝ ցանկանալով սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը եւ հակազդել ռուսատյացությանը, որը կար Ադրբեջանում այդ երկրի անկախության առաջին տարիներին: Վերլուծական կենտրոնը, սակայն, կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանին աջակցելու Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է: “Իր նախագահության շրջանում Դմիտրի Մեդվեդեւը միջնորդական ավելի շատ ջանքեր թափեց, քան իր նախորդը, բայց ուժեր կան, որոնք շարունակվող լարվածությունից ու պահպանվող ստատուս քվոյից ֆինանսական եւ քաղաքական օգուտներ ունեն”,-ասված է զեկույցում: Վերլուծական կենտրոնի կարծիքով՝ ՌԴ-ն Ղարաբաղի հարցում իր միջնորդությունը դիտարկում է սեփական ազդեցության լծակները պահպանելու տեսակետից եւ չի կարող իրականում հետաքրքրված լինել հակամարտության կարգավորմամբ, քանի որ ՌԴ-ն առարկում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Փոխարենը ՌԴ-ն առաջարկում է տեղակայել սեփական ուժերը, որը կուժեղացնի նրա դիրքերը, բայց դժվար թե ընդունվի Ադրբեջանի կողմից: “Սակայն հարց է, թե արդյոք Ռուսաստանը ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, եթե Ադրբեջանը որոշի ուժի միջոցով վերադարձնել տարածքները: Հավանական է, որ նման անորոշությունը մինչեւ այժմ զսպում է Ադրբեջանին”,-ասված է զեկույցում: Այնտեղ նաեւ նշված է, որ ԼՂ հակամարտության լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը կարող է սպառնալ Ռուսաստանի ազդեցությանը Ադրբեջանում, մասամբ նաեւ Թուրքիայում, հատկապես եթե ՀՀ-ն ռազմական օգնության խնդրանքով դիմի Ռուսաստանին:
Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս