ՇԱՏ ԳՈՐԾԻ, ՔԻՉ ԽՈՍԻ ՈՒ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր նախորդ համարում ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ զրույցում իմացանք, թե ինչն է նրան պահում Հայաստանում: Զրույցի այս հատվածում կիմանանք` արդյոք որեւէ կուսակցության հարում է տիկին Մարիաննան, եւ ըստ նրա`  ինչո՞ւ չեն ժպտում հայերը:
-Հասարակական աղմուկ բարձրացրած նախաձեռնություններին` Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, մասնակցո՞ւմ եք:
-Ասեմ, որ ես ակտիվ քաղաքական կյանքով եմ ապրում, ճիշտ չի լինի: Կարծում եմ, որ մեր երկրում չարիքներից մեկն այն է, որ մարդիկ զբաղվում ու խոսում են այն թեմաներից, որոնց մասին քաջ տեղյակ չեն: Եթե ես հիմա խոսեմ քիմիայից, ֆիզիկայից կամ աստղերից, որոնք ես շատ եմ սիրում, դա կլինի սիրողական եւ ոչ պրոֆեսիոնալ զրույց:
-Հարո՞ւմ եք որեւէ կուսակցության:
-Ես սկզբունքային  անկուսակցական եմ, ինձ համար կուսակցությունը թատրոնն է: Իսկ եթե որոշեի որեւէ կուսակցության սատարել, ապա միայն Կանաչների, որովհետեւ էկոլոգիան եւ այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, ինձ համար շատ կարեւոր են: Ոչ թե պասիվ եմ նախաձեռնությունների հարցում, ուղղակի ներգրավված չեմ: Ես նախընտրում եմ զբաղվել այն ամենով, ինչից տեղյակ եմ, հասկանում եմ, քիչ թե շատ պրոֆեսիոնալ եմ:
Լավ է զբաղվել ընդհանուր հարցերով, բայց եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ավելի շատ գործի, քիչ խոսի ու չզբաղվի դատարկաբանությամբ, ուղղակի զրույցներով, շատ ավելի ճիշտ կլինի թե՛ մեզ, թե՛ մեր երկրի համար:  
-Այսօր ոչ պրոֆեսիոնալների ներգրավվածությունը ցանկացած ոլորտում ակնհայտ է` սկսած բժշկությունից, վերջացրած սերիալներով:
-Բժշկությունում դա սարսափելի է, ահավոր է: Իսկապես մեկ-մեկ վախենում ես, մտածում` Աստված չանի` որեւէ բան պատահի, բժշկի ձեռքն ընկնես: Երեւի ճիշտ է, որ մտնում է բժշկական ապահովագրությունը: Լավ կլինի, եթե տարին 2 անգամ ստուգվենք, կարողանանք նորմալ հանգստանալ, բուժվել, ուսում ստանալ, այսինքն` այն բոլոր քաղաքացիական իրավունքները, որոնք անհրաժեշտ են: Տա Աստված, որ մի գեղեցիկ օր մեր կյանքը դառնա ավելի բարեկեցիկ, որ մենք կարողանանք մտածել ոչ միայն հացի մասին:
-Երբ մեզ մոտ դրսից հյուրեր են գալիս, չգիտես ինչու, միշտ դժգոհում են, որ այստեղ մարդիկ հոնքերը կիտած են ման գալիս, չեն ժպտում:
-Ժպտերես լինելն այդքան էլ պայմանների հետ կապ չունի: Կարծում եմ` որեւէ այլ երկրի բնակիչ էլ որ ժպտում է, ինքն էլ գիշերն աշխատում է, չի քնում, հարուստ չէ, խնդիրներ ունի: Երեւի մեր անժպիտ դեմքերը գալիս են մեր մտայնությունից, որ մենք մեզ պետք է մի քիչ ծանր պահենք, ծանր երեւանք, ա՛յ եթե ես հիմա ժպտամ ու քայլեմ փողոցով, մադիկ կմտածեն` ինչի վրա է ժպտում: Օրեր առաջ ներկա էի մի հարսանիքի, որտեղ տեսա կնոջ, որը սկզբից մինչեւ վերջ նույն դեմքով նստեց, ասես  հոգեհանգստի էր եկել: Չեմ կարծում, որ ժպտերեսությունն այդքան էլ պայմանների հետ կապ ունի, ավելի շատ գալիս է մեր դաստիարակությունից:
-Դուք ե՛ւ թատրոնում  եք ներգրավված, ե՛ւ փառատոն եք ղեկավարում, ե՛ւ սերիալում եք նկարահանվում, կարծում եմ` Ձեր մասին տարբեր խոսակցություններ ու տարօրինակ բամբասանքներ լսած կլինեք: Կկիսվե՞ք մեզ հետ:
-Մեկ-մեկ այնքան հետաքրքիր է, նույնիսկ շատ նոր բաներ եմ իմանում իմ մասին: Եկե՛ք տարբերենք բամբասանքն ու չարախոսությունը: Վերջինը շատ վատ բան է, իսկ բամբասանքը, ավա~ղ, արդեն սովորական է: Եւ ընդհանրապես, եթե մարդու մասին չեն բամբասում, ուրեմն նա գոյություն չունի:
-Եթե Դուք չեք ասում Ձեր մասին լսած որեւէ  բամբասանք, թույլ կտա՞ք` մեկը ես ասեմ:
-Հետաքրքիր է` ինչ են խոսում:
-Այն, որ Դուք ազնվական ծագում ունեք, բավականին հարուստ եք, նույնիսկ անձնական բիզնես ունեք, եւ զարմանալի է, որ նկարահանվում եք սերիալում:
-Վա՜յ, ինչ լավ է, ինչ լավ է, որ ես կարող եմ այդ տեսակ տպավորություն թողնել (ծիծաղում է-Ե.Ռ.): Անկեղծ ասած, ես չեմ կենտրոնանում բամբասանքների վրա ու դրանք պարզապես չեմ հիշում:
Երբ ինձ գալիս ասում են` գիտես, այսինչը քո մասին ինչեր է ասել, ես պատասխանում եմ, որ ոչ միայն պատկերացնում եմ, թե այդ մեկն իմ մասին ինչեր է ասել, այլեւ նույնիսկ պատկերացնում եմ, թե դու իմ մասին ինչեր ես խոսել, եւ վերջ, այլեւս չեմ լսում շարունակությունը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս