Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից «Սանիտեք»-ը աղբահանության և մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության մոտ 40 աշխատակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել:
Կառավարության առջև իրականացված ակցիայից անմիջապես հետո աշխատակիցներն ուղևորվեցին Նախագահական նստավայր, որտեղ նրանց դիմավորեց Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը:
Ավելի ուշ բողոքող աշխատակիցներին մոտեցան նաև Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրման» բաժնի աշխատակիցները:
Մոտ 1 ժամ քննարկումներ անցկացնելուց հետո աշխատակիցներն Armlur.am-ին հայտնեցին, որ քաղաքապետարանից իրենց խոստացել են հետևողական լինել, դիմել «Սանիտեք»-ի տնօրինությանը, որպեսզի վերջիններս աշխատակիցներից ոմանց գոնե աշխատանքի տեղավորեն: 20 աշխատակից այս պահին գտնվում է կազմակերպությունում, նույնքան աշխատակից էլ այնտեղ կգնա վաղը՝ աշխատանքի վերադառնալու և աշխատանքային պայմանները քննարկելու հարցով:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ նույն աշխատակիցները բարձրացրել էին պարապուրդի դիմաց վարձատրվելու և վերջնահաշվարկի խնդիրը: Նրանց խոստացվել էր մինչև փետրվար լուծել այդ հարցը:
Նշենք, որ այս մարդիկ փողոց մաքրողներ են: Վերջիններս երկար տարիներ աշխատել են «Կենտրոն մաքրություն» ընկերությունում, որի լուծարումից հետո աշխատանքի են անցել «Սանիտեք»-ում: Սա էլ աղբահանության և մաքրման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպություն է, որի սեփականատերը արաբ կին է` Մադլենա Էլ Կորկոր անունով: Աշխատակիցները պնդում են, որ արաբ կինը ոչ միայն նախատեսվածից քիչ աշխատավարձ է տվել, այլև պահանջել է փողոց մաքրելուց բացի բանվորություն էլ անել, ավելի ուշ բոլորն ազատվել են աշխատանքից: Ի դեպ, «Սանիտեք»-ը մաքրման աշխատանքներ է իրականացնելու մայրաքաղաքի 6 վարչական շրջաններում:
Բողոքավորները հայտարարում էին, թե բոլորն էլ վարկեր ունեն մարելու, սակայն արդեն աշխատանք չունեն և պատրաստվում են իրենց եղած-չեղածը վաճառել՝ պարտքերը մարելու նպատակով:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: