«Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը`Պավել Պերմյակովը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։
Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նախօրեին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովին ձերբակալել է սահմանային ջոկատը հայ–թուրքական սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ։
«Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…», – ասաց գործակալություն զանգահարած տղամարդը։
Նա նշեց, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։
«Ծառայել է այնտեղ չորս ամիս, շատ լավ է ծառայել, մեծ ոգևորությամբ է գնացել բանակ։ Նա հաջողություններ ուներ մարտական և ֆիզիկական պատրաստությունից, տանկերի տեխնիկական վարումից, նրան վերջերս հերթական կոչումն են տվել»,– ասաց գործակալության զրուցակիցը։
Նա միաժամանակ չհաստատեց հայկական ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Վալերի Պերմյակովը բազմաթիվ անգամ փախել է բանակից»։
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մենք զրուցել ենք հեռախոսով…. Նա լավ տղա էր, լավ զինվոր, բայց նա նաև երիտասարդ է, իսկ երիտասարդը երիտասարդ է, և հնարավոր է, ինչ–որ խախտումներ ուներ, բայց դրանց մասին ոչին չի ասել, հնարավոր է, որ եղել են, բայց չեմ կարող հաստատել»,– ասաց զանգահարողը։
Նա նշեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է Սուրբ ծննդյան օրը` հունվարի 7–ին, և զրույցի ընթացքում տարօրինակ ոչինչ չի նկատել։
«Ամեն ինչ կարգին էր։ Նրա հետ զրուցելուց հետո ես ու կինս որևէ կասկած անգամ չենք ունեցել, որ ինչ–որ բան այն չէ։ Նա շիտակ մարդ է և կարող էր ասել, որ ինչ–որ բանից դժգոհ է կամ որ զզված է ամեն ինչից և տուն է ուզում գալ, բայց այդպիսի բան չկար։ Ոչ մի խնդրի մասին նա երբեք չէր խոսում»,– ասաց գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա` հակառակը, որդին ասել է, թե ցանկանում է անցնել պայմանագրային ծառայության` ծառայությունը շարունակելու նպատակով։
«Ծառայությունը նրան դուր էր գալիս։ Նա հատուկ գնում էր մարզասրահ, ձգում մարմինը, որ համապատասխան տեսք ունենա։ Ամեն ինչ լավ էր, մենք չենք կարողանում հավատալ, որովհետև ոչ մի դրդապատճառ չկար… Մեզ անհասկանալի է, թե ինչպես է դա կատարվել, չէ՞ որ չէր դժգոհում, գոհ էր ծառայությունից…»,– ասաց տղամարդը։
Զրուցակիցը միաժամանակ նշեց, որ պատրաստ է գործակցել քննիչների հետ։ Տղամարդը պատմեց, որ իրեն հայտնել են, թե որդին նախօրեին կորել է զորամասի տարածքից, իսկ երեքշաբթի առավոտյան Չիտայում գտնվող իրենց տուն են եկել քննիչն ու թաղայինը` ցուցմունք վերցնելու համար։
Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։ Հետաքննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։