Տավուշի մարզում զոհեր տալիս են ոչ միայն ազգամիջյան հակամարտությունների, այլեւ ընտանեկան վիճաբանությունների հետեւանքով: Երեկ մարզի Նավուր համայնքում ամուսինների վեճը սարսափելի ելք է ունեցել:
Հունիսի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Նախնական տվյալներով՝ այդ օրը՝ առավոտյան, ամուսինները վիճել են կենցաղային հարցերի շուրջ: Կինը թողել է զայրացած ամուսնուն եւ գնացել հոր տուն: Բարկացած ամուսինը՝ Վալենտին Սարգսյանը, հարցերը որոշել է լուծել «գեղական» կարգով: Նա հետապնդել է կնոջը եւ նռնակ նետել աներոջ տան վրա: Տավուշի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունից երեք մարդ է զոհվել, կա վիրավոր:
Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստեց, որ իսկապես նման դաժան դեպք տեղի է ունեցել, նույնիսկ զարմացավ, որովհետեւ, նրա կարծիքով, նռնակ նետողը՝ 53-ամյա Վալենտին Սարգսյանը, խելքը գլխին, հավասարակշռված մարդ էր. «Թե ինչն է նրան ստիպել նման արարքի դիմել, չեմ կարող ասել»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վալենտինը չէր աշխատում, զբաղվում էր հողագործությամբ: Նրա կինը՝ Լիանետան, որը 52 տարեկան էր, նույնպես չէր աշխատում: Ամուսինները Նավուրում ապրում էին երկուսով, նրանց որդիները բնակվում են հանրապետությունից դուրս: Ինչպես ասվեց, այդ օրը՝ առավոտյան, ամուսինները խիստ վիճաբանել են: Մեր տեղեկություններով՝ ընտանեկան խնդիրների շուրջ ամուսինը կնոջը ցուցումներ է տվել, ինչը վերջինիս դուր չի եկել: Նա սկսել է հակաճառել, ամուսինն էլ փորձել է ուժի դիմել: Կինը փախել է տնից եւ գնացել հայրական տուն: Բարկացած ամուսինը, պահոցից վերցնելով նռնակը, գնացել է աներոջ տուն: Կնոջը մի քանի անգամ կանչելով եւ արձագանք չստանալով՝ նռնակը շպրտել է աներոջ տան ուղղությամբ:
Այդ պահին տանը գտնվել են Վալենտինի կինը, աներորդին՝ 63-ամյա Բորիս Պետրոսյանը, եւ նրա կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը: Վերջինս, «նռնականետ»-ը եւ նրա կինը պայթյունի հետեւանքով մահացել են: Իսկ աներորդուն ծանր վիճակով տեղափոխել են Տավուշի մարզի Բերդի հիվանդանոց:
Հիվանդանոցի վիրաբուժական բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Բ. Պետրոսյանը ծայրահեղ վիճակում է, կոմայի մեջ է, ու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը, նշեցին, որ ոստիկանության աշխատակիցները ներկայում գտնվում են գյուղում:
ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ Է «ԳԵՂԱԿԱՆ» ԿԱՐԳՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ