Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի և հայազգի Հրաչյա Հարությունյանի «փոխանակման» հարցն ավելի շատ ձեռնտու է Ռուսաստանին: Նրանք ցանկություն ունեն ամեն կերպ Պերմյակովի խնդիրը լուծել: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային վերլուծաբան, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
«Դատապարտված անձին պահանջելու կամ քաղաքացիության երկիր տեղափոխելու համար արտահանձման համակարգն ամենևին էլ փոխանակում չի պահանջում: Այսինքն` մենք կարող էինք պահանջել այն ժամանակ, երբ Պերմյակովը դեռ չկար էլ: Եթե որոշ մարդիկ փորձում են փոխանակության գործարք ձևավորել, կարող ենք ենթադրել, որ դա հատուկ նպատակ ունի,- նշեց Սաֆարյանը: – Այդ քննարկումները շրջանառության մեջ են դրվում ավելի շատ Պերմյակովի խնդիրը լուծելու համար, ոչ թե Հրաչյայի: Ռուսական կողմի համար է դա ավելի շահեկան»:
Տեղեկացնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը «սառեցրել» է։
18 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հետո (Հարությունյանի մեքենայի արգելակները չէին աշխատել) հայ վարորդը մոսկովյան դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ ՌԴ-ն առաջարկի Հարությունյանի և Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովի «փոխանակում» անել»։