Եւ այսպես, համաձայն երեկ ուշ երեկոյան տարածված տեղեկատվության, գրեթե կասկած չկա, որ այսօր կայանալիք համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոշի դուրս չգալ իշխող կոալիցիայից: Թե ինչն է ստիպել ընդամենը մի քանի օր առաջ իր կուսակիցներին «իշխանության տակ չպառկելու» խոստում տված Գագիկ Ծառուկյանին փոխել իր դիրքորոշումը, այլեւս էական չէ: Էականն այն է, որ իր այդ քայլով Բարգավաճ Հայաստանն, իբրեւ ինքնուրույն քաղաքական ուժ եւ Հանրապետական կուսակցության հակակշիռ, վերջնականապես վարկաբեկվում է: Եւ, անկասկած, ամենից լավ դա գիտակցում են հենց Բարգավաճ Հայաստանում: Ուրեմն` որն էր պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը միտումնավոր գնաց ՀՀԿ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարման: Արդյո՞ք նա մինչեւ վերջ չէր հաշվարկել իր հնարավորությունները: Պնդումներն այն մասին, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն ընդամենը լավ բեմականացված շոու էր, կարծում ենք, այս անգամ չեն համապատասխանում իրականությանը: Եթե այդ հակամարտությունը դիտարկում ենք բացառապես միջկուսակցական մրցակցության հարթությունում, ապա ակնհայտ է, որ դրանից իրականում շահեց միայն Հանրապետականը: Այն, կարելի է ասել, քաղաքական կապիտուլյացիայի ենթարկեց ԲՀԿ-ին: Ուստի, Բարգավաճ Հայաստանը որեւէ տեսանելի շահ չուներ նման բեմականացմանը մասնակցելու համար: Բայց դա չի նշանակում, որ չկային շատ ավելի խորքային պրոցեսներ, որոնք ընթանում էին Ռոբերտ Քոչարյանի համակարգմամբ: Չի բացառվում, որ դրանց շարժիչը լինելով հանդերձ, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը տեղյակ էլ չէին այդ պրոցեսների բուն նպատակներին: Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջնական որոշումը կայացրեց Միքայել Հարությունյանի ծննդյան տոնին` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ միեւնույն սեղանի շուրջ, ընդամենը ապացուցում է, որ Սերժ Սարգսյանին սատարելու` ԲՀԿ որոշումը հենց այդ խորքային պրոցեսների հանգուցալուծումն էր: Պարզ ասած` Ռոբերտ Քոչարյանը, բորբոքելով ԲՀԿ-ին եւ լարվածությունը հասցնելով գագաթնակետին, հասավ այն բանին, որ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ դիմել նրան` իր քաղաքական հոգեզավակին հնազանդեցնելու խնդրանքով: Իսկ թե դրա դիմաց ի՞նչ խնդրեց երիտասարդ թոշակառու լինելուց հոգնած Քոչարյանը, հայտնի կդառնա առաջիկայում: Ու, ամենեւին չի բացառվում, որ այս անգամ երազախաբ լինի ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ վարչապետ դառնալու երազանքից հրաժարված Հովիկ Աբրահամյանը: Հ.Գ. Իսկ առայժմ ԲՀԿ` կոալիցիայից դուրս գալու որոշումից խորապես երազախաբ եղավ ՕԵԿ-ը:
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ