Հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սիմոն Ուոլկենին, ղեկավարի տեղակալ, ՄԱԿ ՓԳՀ Վրաստանի ներկայացուցիչ Հայ Շելոուին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Հարավային Կովկասի (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) տարածաշրջանային ներկայացուցչությունը կազմավորվել է 2015 թվականի հունվարի 1-ին. կենտրոնը գտնվում է Թբիլիսիում: Տիկին Սիմոն Ուոլկենը տեղակալի՝ Հայ Շելոուի հետ ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աշխատանքներին, համակարգելու գրասենյակի գործունեությունը:
Ողջունելով հյուրերին` նախարարը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ տարին սկսում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով տարածաշրջանային ղեկավարների այցելությամբ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունն ակտիվ և արդյունավետ կլինի»:
Սիմոն Ուոլկենը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայերի, ինչպես նաև իրաքահայերի և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված հայերի բնակարանային, սոցիալական, առողջական, կրթական հարցերի լուծմանը: Քննարկվեցին նրանց հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները, նախանշվեցին հետագա համագործակցության ոլորտները: