Երեկ ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առջեւ Արամի 72-ից 80 հասցեների բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են հետ վերադարձնել իրենց տները կամ տալ համապատասխան փոխհատուցում:
Ակցիայի մասնակիցները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հերթական նիստին իրենք նույնպես մասնակցել են, սակայն դժգոհ են դուրս եկել նիստից, որովհետեւ ոչ ոք ոչինչ չի խոստացել:
«Պետք է տները տային 25 ամսում, բայց արդեն անցել է ութ տարի: Պահանջում ենք, որ ֆինանսների նախարարն այս հարցը լուծի: Միայն ասում են՝ սպասեք»,-մեզ հետ զրույցում դժգոհեցին նրանք: Բնակիչներն իրար մեջ ծրագրում էին. եթե գումար առաջարկեն, ապա 1 քմ-ի դիմաց կառաջարկեն 1500 ամերիկյան դոլար: «Բայց մենք այդ գումարով չենք կարող տուն գնել: Շատ ցածր գին են առաջարկում: Ուսանողներ եմ պահում: Գիտեք, թե ինչքան դժվար է: Հասարակ ուսանողի նման գրադարանից չեն կարողանում օգտվել»,-վրդովված նկատեց տիկին Անահիտը:
Իսկ 72-ամյա Աիդա Մնացականյանն իրեն Երկիր մոլորակից դուրս է համարում. «Բնակության գրանցում չունեմ, այդ պատճառով չեմ կարողանում գործարք կատարել: Ո՛չ «Փարոս»-ից եմ օգտվում, ո՛չ էլ երկրից եմ կարողանում դուրս գալ: Տանտերս էլ րոպեն մեկ գալիս է ու ինձ խեղդում, ասում է՝ շո՛ւտ տվեք տան վարձը: Միկրո ինսուլտ եմ ստացել, այս վիճակով ինչքա՞ն կարող եմ դիմանալ»:
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանից փորձեցինք պարզել, թե ինչ է քննարկվել երեկվա հերթական նիստի ժամանակ: «Կոնդի հետ կապված ծրագրերի, միջոցառումների կանոնակարգն է հաստատվել: Եկմալյան 6-14 հասցեներում նոր գերակա շահ ճանաչելու մասին նախագծին է հավանություն տրվել: «Լիսկոն»-ի անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի պայմանագիրն է քննարկվել, ու հավանություն է տրվել, որի վաճառքի գումարների հաշվին պետք է վճարվեն Բուզանդի բնակիչների փոխհատուցման տվյալները»,-տեղեկացրեց խորհրդականը: Հարցին, թե 1 քմ-ի դիմաց ինչքան են նախատեսում փոխհատուցել բնակիչներին, նա պատասխանեց. «Դեռ չենք նախատեսում, մինչեւ քրեականով պարզենք, թե իրականում ովքեր են գումար ստացողները: Կան մարդիկ, որոնք գումարները ժամանակին ստացել են եւ հիմա ներկայանում են իբրեւ զոհ, տուժած: Քրեականով պետք է պարզենք, նոր ըստ դրա բաշխենք գումարները»:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ