ՋՈՒՋԵՎԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ի երեկոյան տեղացած, չափերով հավի ձվից խոշոր կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղին: Կարկուտը  ջարդել է  գյուղի առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը եւ մեքենաների ապակիները, վնասել գյուղի ցանքատարածությունները, պտղատու ծառերը: Տարերքի պատճառած վնասների հաշվարկվել են համայնքի եւ Տավուշի մարզպետարանի հանձնախմբերի կողմից: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ կարկտահարությունից ջարդվել են գյուղի 144 առանձնատների տանիքների ծածկերը, վնասվել է ընդհանուր առմամբ 10.400 հատ «շիֆեր»,  տների տանիքների ծածկերի 20.700 քառակուսի մետր մակերեսի 80 տոկոսը շարքից դուրս է եկել: Իսկ օժանդակ շինությունների, անասնագոմերի, ավտոտնակների կրած վնասները դեռ չեն հաշվարկել: Կարկտահարությունից տուժել են 6.5 հա տարբեր մշակաբույսերի ցանքատարածություններ:
Գյուղապետն ասաց, որ ցանքերի եւ այգիների կրած վնասները նույնպես չեն հաշվարկել. «Մենք ցանքատարածությունների վնասների փոխհատուցման պահանջ չենք դնում, կարեւորը բնակարանների ծածկի խնդիրն է»: Նրա  խոսքերով՝ տարերքի պատճառած վնասների վերաբերյալ հաշվարկներն ուղարկվել են կառավարություն, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ աղբյուրներից է օգնություն ցուցաբերվելու կարկտահարությունից տուժած ջուջեւանցիներին: Հավելենք, որ Ջուջեւանը սահմանամերձ գյուղ է, անտառով սահմանակցում է Ադրբեջանի տարածքին:




Լրահոս