ՍԿՍՎԵԼ Է «ԺԵՐՏՎԱ» ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն էր դերասան Լեւոն Հարությունյանը: Նա կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս: «Ազգիս մեջ մի տեսակ աբիժնիկություն է մտել: Մեկս մեկին մեղադրելով՝ սերունդ ենք փչացնում»,-ասաց սիրված դերասանը` հավելելով, որ արդեն սկսվել է «ժերտվա տալու ժամանակը»:
-Այս իրավիճակում պետք է ղզղնել, քանի որ ազգիս մեջ կորել է տղամարդ հասկացողությունը: Երբ տղամարդը ղզղնում է, նրա մեջ առաջանում է հաճելի զգացողություն, որը կոչվում է սեր: Ազգի մեջ մի տեսակ աբիժնիկություն է մտել: Մեկս մեկին մեղադրելով՝ սերունդ ենք փչացնում: Ես միշտ ասել եմ, որ մի օր գալու է ժերտվա տալու ժամանակը: Կամաց-կամաց սկսվում է, ուղղակի ափսոս էդ ջահելներին, որ էդպես գնացին: Չեմ ուզում մեղադրել ոչ մեկին, մեղավոր ենք սաղս` վերեւից սկսած, ներքեւից վերջացրած: Այնքան անպատիժ բաներ մնացին, որ ազգային բնավորություն է դարձել: Հա դե կանենք, կանցնի կգնա, կպլստացնենք, մեր ձե՞ռը չի: Սրա վրա սերունդ ենք մեծացնում ու դաստիարակում, որին վաղը հետ բերելը դժվար է լինելու: Հիմա ժողովուրդը խառնվել է այս ամենին, բայց նրանց բանի տեղ դնող չկա, քանի որ վերեւները ուժեղ են: Ժեշտի գինն ավելի բարձր է, քան մարդունը: Հայի գինն է ընկել, ու հայն է հայի գինը գցել: Սաղ ծախված են, չեմ ուզում ինքս ինձ արդարացնեմ, ժամանակ առ ժամանակ ծախվում եմ, բայց հլը որ քաշի մեջ չեմ կարողանում խաբեմ: Այս դեպքերից ցավում եմ ու ամեն օր, ամեն ժամ կորցնում եմ հավատս էս ղեկավարության, նաեւ ընդդիմության նկատմամբ: Ինձ համար մարդն է կարեւորը, ու մարդը չկա, մարդուն ամեն օր սպանում են: Գենետիկայի հերն անիծել են: «Ռադիո ջան» հոգեբանությունն են մտցրել: Լսեք «Ռադիո ջան»-ը ու կմտածեք, որ էդ մարդիկ տենց են մտածում:
-Մշակույթի դաշտի ներկայացուցիչներից Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ հավատում է, թե  Ռուբեն Հայրապետյանն «իմաստություն կդրսեւորի ու կպատժի իր աշխատակիցներին»: Մենք քարե դարո՞ւմ ենք ապրում: Արդյոք Ռ. Հայրապետյանը պետք է պատժի իր աշխատակիցներին:
-Ես համամիտ չեմ, դա իր կարծիքն է: Ես իմ կարծիքն ունեմ, որը վախենում եմ ասել: Հիմա կարծիք հայտնելն անիմաստ է: Ախր մենք ճշմարտությունը գիտենք, թե ով ինչ ասեց, ոնց ասեց, դա իրենց գործն է: Բայց այսօր կա՞ մեկը, որ հավատացել է՝ ինքը պետք է փոխի, ու ինքը պետք է ճիշտ որոշում ընդունի:
-Ի՞նչն է խանգարում այդ մեկին, որ ինքը որոշում ընդունի եւ փոխի:
-Չգիտեմ` ինչն է խնդիրը: Եթե մի բան չես կարողանում անել, ուրեմն հետեւումդ մի բան արել ես, ինչի համար էլ չես կարողանում ճիշտն անել: Իսկ ո՞վ է կարողանում ճիշտն անել. նա, ով մաքուր է, ասելիք ունի, ժողովրդի պատմության մեջ է ուզում մնալ, ով ուզում է 20 տարի հետո էս քաղաքում իր անունով փողոց բացվի: Իրանք վաղը, մյուս օրը քաղաքից դուրս գալու խնդիր ունեն: Գալիս է մի տոչկա, երբ դու ոչ մեկի պետք չես, ով ուզում ես եղի՛ր` դերասան, պրեզիդենտ, դու էլ ոչ մեկի պետք չես: Գոնե դրանից հետո քաղաք դուրս գաս` բարեւ տվող լինի: Ախր տենց չի լինի, ո՞նց չեն կարողանում առաջ նայել, իրանք վաղը պատասխանելու բան ունեն:
-«Հարսնաքար»-ում տեղի ունեցածի հետ կապված՝ 6 անձ կալանավորվել է: Ոստիկանությունը փորձում է արդար քննություն իրականացնել: Ձեր կարծիքով` դա կհաջողվի՞ ոստիկանությանը:
-Մեղք են էդ կալանավորները: Մի բառ դուրս եկավ, որ փորձում են: Ախր փորձել հասկացողությունը պետք է հանել, մենք անընդհատ փորձում ենք: Հետո այս ազգն իրենց համար դարձել է սպիտակ կռիս, մեր վրա անընդհատ փորձեր են անում: Ախր սա այն դեպքն էր, այն կետն էր, որ պետք է բռնվեիր: Իրենց հնարավորություն էր տրված իսկականը լինելու, մաքրվելու: Ես ոստիկանությանը հավատում եմ: Այսօր էդ ոստիկանությունում աշխատողներն ուզում են օրենքով աշխատել, պատրաստ են դրան, ինքը սպասում է դրան, բայց վերեւից նրանց ասիչներ կան: Ասիչների երկիր ենք դարձել:
-Կառավարության ծրագիրը, ինչպես գիտենք, շատերը համարեցին ոչ իրատեսական, սակայն իշխանությունները վստահեցնում են, որ 7% աճ կլինի: Դուք իրատեսական համարո՞ւմ եք այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ դաշտին հետեւո՞ւմ եք:
-Ոչ մի բանի չեմ հետեւում, առաջ հետեւում էի: Ժողովրդիս՝ գերագույնի հետ կարող եմ շփվել միայն հեռուստացույցով, ուրիշ կերպ չեմ կարող շփվել: Երբ լսում էի իրենց,  ուզում էի հավատալ, որ իրենք են, բայց հասկանում եք` խաբում են ինձ, երբ տեսնում եմ՝ էդ սեւ յաշիկի մեջից ինձ խաբում են… Եկե՛ք տղամարդավարի նստենք, խոսենք էլի, եկե՛ք էլի:
-Ի՞նչն է խանգարում, որ նստենք, խոսենք:
-Նորմալ լիդերի բացակայությունը: Մենք չունենք լիդեր ոչ մի բնագավառում: Լավ լիդեր ունենալու համար չպետք է ծախվենք: Հազար անգամ ասել եմ` ժողովո՛ւրդ ջան, մի՛ արեք էդ: Էդ փողը, որ վերցնում եք, հետո ի՞նչ է լինելու: Մենք ենք էդ ծառը ջրել ու էդ բերքն ուտում ենք, ասում ենք` դառն է:
-Առջեւում նախագահական ընտրություններն են, Սերժ Սարգսյանը կրկին առաջադրվելու է…
-Ի՞նչ անեմ:
-Դուք դե՞մ եք, որ նա առաջադրվի:
-Չգիտեմ, ես ուզում եմ՝ արդարություն լինի: Չկա մի լիդեր, որ ասեմ` ա՛յ, ուզում եմ սա լինի իմ նախագահը: Չկա, չեմ տեսնում էդ մեկին: Ես ո՞նց կարող եմ ինձ այստեղ քաղաքացի զգալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս