ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահե Ավետյանի սպանությունը դժգոհությունների լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում: Եւ այս օրերին Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանի դեմ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բողոքի ակցիաներ են սկսվել տարբեր երկրներում:
Երեկ նման միջոցառում տեղի էր ունեցել ԱՄՆ-ում. տեղի հայ համայնքի ներկայացուցիչները Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջեւ, ի հիշատակ Ավետյանի, ծաղիկներ են դրել: Ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի մուտքի մոտ փակցրել են պաստառներ, որոնցում մասնավորապես գրված է եղել. «Սա անուղղակի ազդում է մեր երկրի վիճակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստում է Հայաստանից մարդկանց եւ մասնավորապես երիտասարդության արտագաղթին: Դրա պատճառը ոչ թե գործազրկությունն է, այլ երկրի անկայունությունը, այն, որ ապագա չկա: Մենք չպետք է հանդուրժենք այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Մենք այդպիսի անկախություն չենք երազել»:
Վաղը՝ հուլիսի 5-ին, նման միջոցառում է անցկացվելու Լոս Անջելեսում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Իսկ Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում հուլիսի 6-ին տեղի է ունենալու Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողություն: Իրանի հայկական «Հայելի» կայքի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող նման դեպքերն ուղղակի կապ ունեն ու վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ բնակության վայրից: «Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելով՝ մասնակցում ենք Վահեի հետ կատարվածի դեմ բողոքին հանուն Հայաստանում արդարության ու օրենքի իշխանության»,-ասված է հայտարարության մեջ:
Եւս մեկ բողոքի ակցիա է նախապատրաստվում Բեռլինում: Բեռլինաբնակ հայերը հուլիսի 8-ին բողոքի ցույց են անցկացնելու՝ պահանջելով ՀՀ իշխանություններից ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ստիպել վայր դնել պատգամավորական մանդատը: Տարածված հայտարարությամբ բեռլինաբնակ հայերը բողոքում են, որ ՀՀ իշխանությունները հանդուրժում են ԱԺ-ում առկա հանցագործ օլիգարխների առկայությունը. «ՀՀ նախագահը պետք է բացատրություն տա համայն աշխարհի հայությանը»:
Հայաստանում եւս չեն դադարում Հայրապետյանի դեմ բողոքի ակցիաները. ստորագրահավաք է սկսվել՝ Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու համար: ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում ստորագրահավաքի նախաձեռնողները, տեղեկացնելով Ավետյանի սպանության մասին, գրում են. «Հայրապետյանը բազմիցս դրսեւորել է անհարգալից վերաբերմունք եւ իրեն հայտարարել է օրենքից վեր՝ հրապարակավ ընդունելով, որ ծեծում եւ սպառնում է մարդկանց: Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը, մի մարզաձեւի, որը միավորում է մարդկանց: Հայրապետյանը շուտափույթ պետք է հրաժարական տա: ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հարգելի՛ ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»:
Իսկ այսօր՝ առավոտյան, բողոքի ցույց տեղի կունենա ԱԺ մոտ՝ Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս