ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՓՈՓՈԽ
Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին, քննության առնելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործը, որոշել է ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը: Ըստ այդմ՝ տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Սամվել Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ հայցի հիմքը «Ժողովուրդ»-ի` «Կաշա՞ռք, թե՞ շնորհավորական բացիկ» հոդվածն էր, որտեղ նկարագրված էր, որ Ալեքսանյանի կողմից դպրոցականներին 100 դոլար կաշաք է բաժանվել:

ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԷ
«Հարսնաքար» ռեստորանը պայթեցնել ցանկացող ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Նշենք, որ հասարակական ակտիվիստները պահանջում են չպատժել գնդապետին:

ԿՆՈՋՆ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ
Կիրակի օրը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստյան արարողությանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ մասնակցել է նաեւ Ռիտա Սարգսյանը: Ըստ Henaran.am-ի՝ տիկին Սարգսյանը ցավակցել է Վահեի ընտանիքին, հարազատներին, զորակցության խոսքեր ասել եւ որպես Հայաստանի քաղաքացի՝ համոզմունք է հայտնել, որ մեղավորները պատժվելու են:

ԻՆՉՊԻՍԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, ինչպես վերջերս հայտարարեց երգչուհին, կորցրել է դեռ չծնված երեխային: Henaran.am-ի տեղեկություններով՝ հղիության ընդհատման պատճառ է դարձել լրատվամիջոցներում բարձրացված այն աղմուկը, որը կապված էր երգչուհու՝ Թուրքիա շրջագայության հետ: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա հիմա առհասարակ չի ուզում շփվել լրագրողների հետ` նրանց մեղադրելով «մանկասպանության» մեջ:

ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Ռուսական մամուլը լուրեր է տարածել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայիս գործարար Հարություն Փամբուկյանն իր մոսկովյան գործընկերների հետ առաջարկում է գնել «Արմավիա» ընկերությունը դրա ներկայիս սեփականատիրոջից` Միխայիլ Բաղդասարովից: Սակայն վերջինս անձամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել է դա. «Ամբողջովին սուտ է: Ոչինչ չի առաջարկել: Այդ ամենը հեքիաթներ են»: Հարցին՝ «Իսկ Դուք մտադի՞ր եք վաճառել «Արմավիա»-ն», Մ. Բաղդասարովը պատասխանել է, որ պատրաստ է վաճառել ամեն ինչ, ինչի համար կտան լավ գին: Ընդ որում, նրա գնահատականով՝ 55 մլն դոլարը բավական մոտ է իրական գնին:

ԷԼԻ ԿԹԱՆԿԱՑՆԵ՞Ն
Ռուսաստանից Հայաստան առաքվող բնական գազի գնագոյացման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են «Գազպրոմ»-ի հետ: Այդ մասին հայտնել է  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նշելով, որ երբ բանակցություններն ավարտվեն, դրանց արդյունքները կհրապարակվեն: «Դեռ քննարկումները շարունակվում են: Այս պահին կոնկրետ ասել թե՛ ժամկետների, թե՛ գների մասով, դեռ շուտ է»,-նշել է նախարարը: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման եւ 2012-2013թթ. ներմուծման ծավալներին առնչվող հարցերը:

ՉԻ ԲԱՑԱՌԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որը թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մրցակիցն էր, երեկ չի բացառել, որ նույն ընտրատարածքում նոր ընտրությունների դեպքում կարող է առաջադրվել:




Լրահոս