ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սասուն Պասկեւիչյանի հետ մեր զրույցի առաջին հատվածում երգահանը նշեց, որ բոլորովին չի զղջում հայրենիք վերադառնալու որոշման  համար, իսկ թե այստեղ նա ինչի պակաս ունի եւ  արդյոք գոհ է իր սոցիալական վիճակից, կիմանանք հարցազրույցի այս հատվածում:
-Որպես ՀՀ քաղաքացի` ինչի՞ պակաս ունեք այսօր:
-Այն ամենի, ինչի պակասը մեր բնակչության առնվազն 80-90%-ն ունի, կարծում եմ` այդ  թվում  նաեւ Դուք: Բայց մի՛ կարծեք, որ այլ վայրերում ամեն ինչ OK է, ամեն տեղն էլ ունի իր բացասական կողմերն ու թերությունները:  Եւ մի՛ մոռացեք.  «Օտարության մեջ ազատ լինելը մի գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն…» (Պարույր Սեւակ):  
-Գո՞հ եք այսօրվա Ձեր սոցիալական վիճակից:
-Փառք Աստծո, ես առաջնորդվում եմ քրիստոնեական սկզբունքներով: Կուզեի նաեւ հիշեցնել  Ձեզ Օմար Խայամի մի քառյակը.
Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա,
Եւ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրո՛ւ,
Որ քո սրտից ամեն մի ցավ վերանա…
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում ունենալ:
-Երկիրն իրեն-իրեն երկիր չի դառնում: Ամերիկացիները հաճախ են կրկնում Ջոն Քենեդու խոսքը. «Դու մի՛ հարցրու, թե երկիրն ինչ է տվել քեզ, այլ` թե դու ինչ ես տվել քո երկրին»: Սակայն ո՛չ Քենեդին, ո՛չ էլ ամերիկացիները չգիտեն, որ Քենեդուց շատ առաջ Զորավար Անդրանիկն է ասել. «Ամեն օր գլուխդ  բարձին  դնելուց  առաջ  մտածի՛ր, թե ինչ ես արել քո Հայրենիքի համար»:
-Ինչո՞վ եք հիմա զբաղվում, որեւէ կոնկրետ աշխատանք ունե՞ք:
-Երգ ստեղծելը, հորինելը հեշտ գործ չկարծեք: Ամեն մի երգ ստեղծվում է տառապանքով: Իսկ ընդհանրապես շատ բազմազբաղ եմ, հիմնականում աշխատում եմ օգտակար լինել մարդկանց: Պարույր Սեւակն է ասել, որ բանաստեղծները, ինչպես նաեւ մյուս ստեղծագործողները, չեն կարող ապրել առանց հաց ու ջրի, սակայն նրանք չեն կարող ապրել միայն հաց ու ջրով:  Ավելացնեմ, որ ես մասնագիտությամբ շինարար-ինժեներ եմ, երաժշտական որեւէ կրթություն չունեմ, որն ամենեւին չի խանգարում երգեր հորինելուն: Այդ շնորհքը, եթե կուզեք` տաղանդը, ի վերուստ է տրվում: Ինձ կոմպոզիտոր չեմ համարում, այլ` երգահան: Ավելորդ չէ ասել, որ ո՛չ Սայաթ-Նովան է կոմպոզիտոր եղել, ո՛չ Շերամը, ո՛չ Հավասին, ո՛չ Հեքիմյանը, բայց հիմնականում նրանց երգերն են գոյատեւել…
-Պատվերով երգեր գրո՞ւմ եք:
-Ես արհեստավոր չեմ, ամենեւին նպատակ չունեմ վիրավորելու որեւէ արհեստավորի, ընդհակառակը, չափազանց հարգում եմ նրանց: Նույնիսկ ինձ արվեստագետ չեմ համարում, այլ` արվեստասեր: Պատվերով երգեր չեմ գրում, ընդհանրապես երգը ոչ թե գրում եմ, այլ ստեղծում եմ, իսկ երգ գրողներ շատ կան:
Ես իմ երգերը հիմնականում նվիրում եմ իսկական երգիչներին եւ հիմա էլ հայտարարում եմ, որ եթե կան իսկական երգիչներ, ես նրանց կնվիրեմ իմ երգերից:
-Ձեզ դո՞ւր են գալիս այն երգերը, որոնք  այսօր հնչում են մեր եթերում: Ի՞նչ կասեք դրանց որակի մասին:
-Ես միշտ անկեղծ եմ խոսում, անշուշտ, կան լավ երգեր: Իսկ Ձեր հարցը շատ տարողունակ է, որովհետեւ նախ պետք է որոշել, թե որն է լավ կամ վատ երգը, ով կամ ովքեր են որոշելու, այսինքն` մասնագիտորեն գնահատելու երգի լավ կամ վատ լինելը:
-Մի քիչ վիրավորակա՞ն չէ, որ Դուք այսքան տարիների վաստակ ունեք, բայց Ձեր գրած երգերը այսօր շատ հազվադեպ են հնչում, փոխարենը լսում ենք անիմաստ տեքստերով ու անհասկանալի երաժշտական ելեւէջներով կատարումներ:
-Անձամբ ինձ համար վիրավորական չէ, թող վիրավորվեն նրանք, ովքեր լսում են Ձեր ասած անիմաստ կատարումները: Լսողներն իրենց մեղքի բաժինն ունեն, որ հավուր պատշաճի չեն ըմբոստանում, այլ միայն բողոքում են, հիմնականում անհասցե: Ես անորակ երգերը չեմ լսում: Իմ պայքարի ձեւը  երգեր  ստեղծելն ու ժողովրդի եւ ժամանակի դատին հանձնելն է: Իմ երգերը լայնորեն տարածված են ճշմարիտ երգը գնահատողների եւ սիրողների մեջ, անհամեստություն չհամարեք, եթե ասեմ, որ 40-50 տարվա կենսագրություն ունեցող երգերս այսօր էլ կատարում են երիտասարդ, նոր սերնդի երգիչները: Ավելորդ չէ նշել, որ Լոս Անջելես մեկնելուց հետո արգելվեց իմ երգերի թողարկումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:
-Ինչպե՞ս կարելի է ազատվել այս անորակությունից:
-Տարբեր առիթներով ասել եմ` պետք է վարվել քրիստոնեաբար, այսինքն` ինչպես Հիսուսը մտավ տաճար, շրջեց վաճառականների, աղավնավաճառների սեղաններն ու դուրս վռնդեց նրանց, այդպես էլ հայ երգի ներկայով ու ապագայով մտահոգ մարդիկ, առաջին հերթին` մասնագետ մտավորականները, պետք է մտնեն մեր մշակույթի տաճար եւ բառի ուղղակի իմաստով վռնդեն տաճարը գրաված առեւտրականներին` ասելով. «Իմ հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»… Մեր երգարվեստը ծանր հիվանդ է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս