ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ
«Կազանում թոշակառու տատիկը ներխուժել է նոտարական գրասենյակ եւ սպառնացել պայթեցնել շենքը: Նա գրասենյակի աշխատակիցներից երկուսին պատանդ է վերցրել»,-գրում է Lifenews-ը: Տատիկի մոտ եղել է ռումբի մուլյաժ եւ տրավմատիկ զենք: Շենքը պայթեցնել սպառնացող տատիկն արդեն ոստիկանական բաժանմունքում է:
ԿԵՆԴԱՆԱՑԵԼ Է
Անգլիայում երեխան կենդանացել է կեսարյան հատումից հետո: 21-ամյա մոր խոսքով` հղիության 6-րդ ամսում հերթական ստուգման ժամանակ բժիշկները հայտնել են, որ երեխայի սիրտը չի բաբախում, եւ նա մահացել է մի քանի շաբաթ առաջ: Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո փոքրիկը տեղափոխվել է ինկուբատոր, որտեղ մնացել է 5 ամիս` վերականգնվելու համար: Փորձագետների խոսքով` դա շատ հազվադեպ է լինում մանկաբարձության ու գինեկոլոգիայի պատմության մեջ:
ՀՐԵ ԳՈՒՆԴ
Մայրամուտից առաջ Cottesloe լողափին հսկայական հրե գունդ է ընկել ծովը: Տարօրինակ գունդը հնարավոր է եղել լուսանկարել երկու տարբեր կետերից: «Այն նման էր կարմիր, նարնջագույն ու դեղին ամպի. դա գեղեցիկ էր»,-պատմել է լուսանկարներից մեկի հեղինակը: Օդերեւութաբանության ինստիտուտում ասել են, որ օբյեկտն այնքան արագընթաց էր, որ նույնիսկ ռադարներն այն չեն արձանագրել: «Պերտ» աստղադիտարանում կատարվածը չեն մեկնաբանում:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Կիրառական հետազոտությունների գերմանական համալսարանը դատի է տվել իր շրջանավարտին, որը կարողացել է ժամանակից շուտ ստանալ բակալավրի եւ մագիստրոսի կոչումները: Նա ուսումնառության ամբողջական համակարգն անցել է 20 ամսում կամ երեք կիսամյակում: Իսկ իրականում պետք է սովորեր 11 կիսամյակ: Դրա շնորհիվ ուսանողը նաեւ կարողացել է վճարի մեծ մասը խնայել, քանի որ վճարել է 20 ամսվա համար: Մնացած ամիսների վճարը ստանալու նպատակով էլ, որը կազմում է 3 հազ. եվրո, համալսարանը նրան դատի է տվել:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
«Փարիզի Ազատության արձանը վերականգնումից հետո տեղափոխվել է թանգարան: Քանդակը, որին վերադարձրել են նախկին փայլն ու 2011-ին գողացված ջահի փոխարեն նորը տեղադրել, հանրությանը հասանելի կլինի d’Orsay թանգարանում»,-գրում է Travel.com-ը: Ամերիկյան հայտնի արձանի պատճենը պատրաստել է ֆրանսիացի վարպետ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին 1889-ին: Ազատության արձանի ֆրանսիական տարբերակի բարձրությունը 3 մետր է, մինչդեռ ամերիկյան? արձանը 46 մետր է: