ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեխաս սովորում է դպրոցում: 2-րդ դասարանի հենց սկզբից բազմապատկման աղյուսակ են անցնում, բայց զգում եմ, որ երեխաների համար այդ ժամանակ բազմապատկման աղյուսակը դեռ դժվարընկալելի է: Ինչո՞ւ են փոխել դպրոցական ուսումնական ծրագրերը, եւ ինչո՞ւ են այդքան շուտ սկսում անցնել բազմապատկման աղյուսակը:

Լիանա Մամյան, 26 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցի վերաբերյալ մասնագիտական պարզաբանում ստանալու համար գրությունն ուղարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտ: Կից ներկայացնում ենք հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ծրագրին առնչվող հարցադրման վերաբերյալ կրթության ազգային ինստիտուտի մասնագետների պարզաբանումը:
Պարզաբանում. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2007թ. նոյեմբերի 23-ի համար 1153-Ա/Ք հրամանով հաստատված տարրական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ծրագրով «Բազմապատկում եւ բաժանում» թեման նախատեսված չէ անցնել 2-րդ դասարանի առաջին կիսամյակից: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի «Հանրակրթական առարկաների վերանայման, լրամշակման եւ (կամ) բեռնաթափման ենթակա չափորոշիչների եւ ծրագրերի ցանկը եւ ժամանակացույցը հաստատելու մասին» 19.01.2011թ. համար 30-Ա/Ք հրամանի՝ «Մաթեմատիկա» առարկայի ծրագրում կատարվում են որոշ տեղաշարժեր ու փոփոխություններ: «Բազմապատկում եւ բաժանում» թեմայի ուսումնասիրումը նախատեսվում է կատարել ավելի ուշ. ավելացվել է այդ առարկան ուսումնասիրելու ժամաքանակը, դրա զգալի մասը տեղափոխվել է հաջորդ դասարանի սկիզբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորն էլ լավ են հիշում ու ամեն մեկն իր հերթին կհաստատի, որ բազմապատկման-բաժանման աղյուսակը յուրացնելու շրջանում մարդու ուղեղն ավելի ճկուն է դառնում, եւ մի քիչ բարդ, մի քիչ էլ պարզ թվացող մաթեմատիկական գաղտնիքը հնարավորություն է տալիս ներթափանցել այս առարկայի  խորքերը: Մի բան պարզ է. յուրացման խնդիրը կարեւոր է, եւ բազմապատկման-բաժանման աղյուսակը պետք է ուսուցանվի այն դասարանում, որում սովորող երեխան ի վիճակի է յուրացնել այն:




Լրահոս