Ադրբեջանցիներն օգտվում են նրանից, որ հայության ուշադրությունը բևեռված է Գյումրիի դեպքերի վրա. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ այսպիսի սադրանքների դիմում է հատկապես հունվար ամսին:

«Սա գալիս է նրանից, որ առաջիկայում Բաքվում տեղի ունեցած ջարդերի տարելիցն է: Հունվար ամսին միշտ էլ նման սադրանքներ իրականացնում են նրանք:

Պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ հայության ուշադրությունն այս օրերին ավելի շատ սևեռված է Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վրա: Նրանք ամեն հնարավորը կանեն, որ մեզ ցավեցնեն: Գյումրիում տեղի ունեցածը բոլորիս է ցնցել, ուստի՝ այդ հանգամանքը նրանք չեն կարող չօգտագործել»,- ասաց Դավիթ Բաբայանը:




Լրահոս