ԻՄ ԱՂՋԿԱՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած Սուսաննա Սարգսյանի հայրը համաձայն չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքների հետ, թե իր աղջիկը հղի է եղել: Սլավիկ Սարգսյանը չի կարծում, որ հղիության պատճառով Սուսաննան կարող էր ինքնասպան լինել:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դատաբժշկական եզրակացության պատասխանից հետո հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը), որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած աղջիկը Վայոց ձորի Շատին համայնքից էր: Նա մեկ տարուց ավել աշխատել է գյուղի թխվածքաբլիթի արտադրամասում եւ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ հղի է եղել: Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառը հենց դա է:
«Ո՛չ, ես համաձայն չեմ դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքների հետ: Սուսաննան շատ խելոք եւ խելացի աղջիկ է եղել: Նա երբեք սխալ չէր գործի»,-մեզ հետ զրույցում ասաց Սուսաննայի հայրը, որը չի հավատում, որ աղջիկը հղի է եղել եւ դրա համար է ինքնասպանություն գործել: Նա դեռ նույն կարծիքին է՝ իր աղջկան սպանել են ու գցել քարերի վրա, որովհետեւ անձնագիրը պատռված է եղել, իսկ դրամապանակը դատարկ կախված է եղել ծառից: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը: 23 հազար դրամ է եղել եւ 1000 ռուսական ռուբլի:
Սլավիկ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ հնարավոր է՝ արտաշիրիմում պահանջի. «Սուսաննայի ամեն մի կաթիլ արյան համար պետք է բոլոր մեղավորները պատասխան տան»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ն ուշադրությամբ կհետեւի այս գործին՝ հասկանալու, թե ինչու են քննիչները շահագրգռված առաջ տանել հղիության՝ ծնողի համար անընդունելի վարկածը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս