Դատարանի նախագահը իր մեղքի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, խոսելով իր ղեկավարած դատարանում գրանցված խոշոր կաշառակերության փորձի մասին, ասաց, թե իր մեղքի բաժինը չի տեսնում:

«Դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն աշխատանքը, դատավորները դատարանի նախագահի աշխատողները չեն, նրանք ինքնուրույն են»,-վստահեցրեց դատարանի նախագահը:

Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ազգային անվտանգության ծառայությանը հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու եւ իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ի կողմից ձայնագրառվել էր Սեյրան Կարապետյանի եւ Խաչատուր Խաչատրյանի առանձնազրույցը, իսկ կաշառք տալու նմանակման արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել էր աշխատասենյակի պահարանի դարակի մեջ:

Այդ պահին ԱԱԾ մտել էր դատավորի աշխատասենյակ, հայտնաբերել կաշառքը եւ կալանավորել դատավորին: Մինչ օրս դատավոր Խաչատուր Խաչատրյանը հրաժարվում է Սեյրան Կարապետյանի հետ առերեսմանը ցուցմունք տալուց»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս