Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին նշեց Առողջապահության նախարարը և հավելեց, որ հիվանդներն ունեն բժշկական ապահովագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով է վարակվել շուրջ 8 մարդ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ խնդրի հետ կապված բոլոր աշխատանքները համակարգվում են նախարարությունում, հարցի վերաբերյալ եղել է երկու խորհրդակցություն, կազմվել է աշխատանքային խումբ, որը մեկնել և տեղում կազմակերպել է աշխատանքները:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ եք, որ ես պրակտիկորեն զբաղվել եմ մեկ հարցով: Այս հարցն այսօր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, ինչը հաշվի առնելով՝ տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 31-ին նախարարի հրաման է արձակվել ներհիվանդանոցային վարակների կանխման վերաբերյալ, այդ հրամանի ժամկետները երկարացվել են, և մշտադիտարկումներ են անցկացվում ամբողջ առողջապահական ցանցում: 20 օրվա ընթացքում պետք է խոշոր հիվանդանոցների վերաբերյալ հարցը քննարկվի, իսկ երկու ամսվա ընթացքում՝ ամբողջ ցանցի վերաբերյալ»,-ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ բոլոր խախտումները գրանցվելու են և տրամադրվելու են համապատասխան իրավապահ մարմիններին:
Այն դիտարկմանը, թե Քաջարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը, կարծես, անհետացել է, արդյո՞ք նախարարը փորձել կապվել նրա հետ և ինչպե՞ս է գնահատում այս երևույթը, նա պատասխանեց. «Ես իրավական դաշտում չեմ կարող գնահատականներ տալ, բայց յուրաքանչյուր բժիշկ իր կատարած և չկատարած աշխատանքի համար պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի: Յուրաքանչյուր տեսակի ինֆեկցիա կարող է լինել ճակատագրական: Հեպատիտ C-ն բուժվող հիվանդություններից մեկն է և ճակատագրական դառնում է այն պահից, երբ դրանով չեն զբաղվում»: