«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջ որդին` Արման Բադալյանը: Վերջինիս ոստիկանությունը բերման է ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է Բադալյանը: Ըստ տեղեկությունների՝ նրա անունը շրջանառվում է հունիսի 22-ին տեղի ունեցած «Բիճ» մականունով հայտնի Սուրեն Զորոյանի սպանության գործում:
Նշված օրը Տիգրան Մեծի պողոտայի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկվել երկու հոգի, այդ թվում՝ Արման Բադալյանը: Նրա մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 22-ին՝ ժամը 03:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 31-ամյա Սուրեն Զորոյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Արման Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բադալյանը ձերբակալվել է հենց այդ սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Սուրեն Զորոյանի հարազատները տեղեկացրել են, որ նրան հայտնաբերել են իրենց տան մոտ, իսկ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:
Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել էր ԱԿՄ տիպի 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ` փամփշտանոցում մեկ փամփուշտով, մեկ փամփշտակալով եւ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես նաեւ նույն տրամաչափի փամփուշտի մեկ գնդակ, 5 պարկուճ եւ չկրակված 2 փամփուշտ. հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության: Նշենք, որ Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շոշափվում հնչեղություն ստացած հանցագործությունների կապակցությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բադալյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ 2008թ. մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ, եւ հնչած կրակոցներից սպանվել էր Արսեն Գալստյանը:
Հուլիսի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Այս ամենի հետ կապված՝ փորձեցինք մեկնաբանություն խնդրել Մհեր Սեդրակյանից, սակայն վերջինիս օգնականն ասաց, թե նա երկրում չի լինելու 10 օր, այդ իսկ պատճառով որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: Ի դեպ, օրերս Սեդրակյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ դա իրեն չհետաքրքրող հարց է. «37-40 տարեկան մարդ է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են: Սա երկրորդ դեպքն է, եւ եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն թող դատվի, դա ինձ չհետաքրքրող հարց է, ինքն ունի իր ընտանիքը: Չեմ կարա բոլորին կանտրոլ անել. ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է»: Սեդրակյանը նշել էր, որ ինքն այժմ որեւէ շփում չունի այդ ընտանիքի հետ. «Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է, իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ»:
Նշենք, որ Մհեր Սեդրակյանի քրոջ որդու քրեական գործը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ԶԱՐՄԻԿԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ