ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գյումրիում մահացավ արցախյան հերոսամարտի մասնակից Ժորա Աթոյանը: Նա  առաջին կարգի հաշմանդամ էր, ուներ առողջական լուրջ խնդիրներ եւ  գրեթե մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ, սակայն, չնայած դրան, նրա դեմ դատական գործ էին հարուցել:
Ազատամարտիկին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա կեղծված փաստաթղթերով զինվորական թոշակ է ստացել՝ այդպիսով յուրացնելով բավականին խոշոր գումարներ: Ժորա Աթոյանը, սակայն, չէր ընդունում իրեն հասցեագրված մեղքը եւ պնդում էր, որ իրեն դատում են քաղաքական եւ քաղաքացիական հայացքների համար: Նրա մարտական ընկերները հիմա պնդում են, որ Ժորա Աթոյանը ռեժիմի հերթական զոհն է, քանի որ ազատամարտիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է դատավարությունների ընթացքում:
«Էս երկրում նման մարդիկ արհամարհված են, նրանց պարզապես չեն հարգում: Չեն էլ գիտակցում, որ էսօրվա խաղաղությունը Ժորայի եւ նրա նմանների շնորհիվ է ձեռք բերվել: Բայց իրան դատեցին՝ թե թոշակ ես ստացել, բնակարան ես ձեռք բերել: Ամո՛թ է, ամո՛թ: Իրանց գռփած փողերը հաշվող չկա, բայց խեղճ ազատամարտիկին քանիմ կոպեկ թոշակ կամ տուն չի հասնում: Ճիշտ է, էսօր նեմեցների դարն է, որ ինչ ուզեն՝ անեն»,-վրդովվում են նրա մարտական ընկերները:
Այն, որ ժամանակին իրենց առողջության, արյան գնով խաղաղություն վաստակած մարդիկ, մեղմ ասած, հարգանք չեն վայելում օրվա իշխանավորների կողմից, ապացուցում է մեկ այլ դեպք: Պատերազմի դաշտում երկու ոտքերն էլ կորցրած եւ հիմա ընտանիքը պահելու հոգսը ուսերին ապրող Հովհաննես Շեկոյանն օրվա ապրուստը վաստակելու համար տան հարեւանությամբ կրպակ է տեղադրել: Բայց արի ու տես, որ դա շքեղություն է թվացել հարկահավաքների համար, եւ նրանք ստիպում են ազատամարտիկին կա՛մ ապամոնտաժել կրպակը, կա՛մ մտնել հարկային դաշտ: Կրպակը ազատամարտիկին տարիներ առաջ են նվիրել, որպեսզի հնարավորություն ունենա օրվա հացի գումար վաստակել: Նա աշխատունակ չէ, խնամքի տակ ունի կին եւ անչափահաս երեխա:
«Լաչին, Մարտակերտ, Ֆիզուլի… Մարտական երկրորդ խաչն էլ տվել են, իբր բարձրացրել են, հմի էլ եկել, նալոգներ գուզեն: Ձեր խաչն էլ, ձեր ամեն ինչն էլ  սաղ վերցրե՛ք, ինձ ոչ մի բան պետք չէ: Որ չեք թողնի մարդն ապրի, ինձ պե՞տք է ձեր երկաթն ու անուն հանելը, ազատամարտիկ գովալը: Թող բերեն, իմ ոտքերս ինձ տան, սաղ իրանց էղնի»,-ասում է վրդովված ազատամարտիկը:
Տեղեկացանք, որ Հովհաննես Շեկոյանից ամսական 17.000 դրամ են պահանջում: Նա էլ պնդում է, որ փոքրիկ կրպակը, որը վերածել է վարսավիրանոցի, չի ապահովում այնքան եկամուտ, որ կարողանա մտնել հարկային դաշտ. «15 տարի նպաստ էլ չի տա պետությունը: Մենակ թոշակն է, կես թոշակով բավարարվի, կին ու երեխա պահի: Ան քեզի ազատամարտիկ»:
Իսկ ազատամարտիկի կինը՝ Աիդա Շեկոյանը, հարցնում է, թե ինչու երբեւէ իշխանավորները չեն այցելել իրենց բնակարան, որ տեսնեն՝ երկու ոտքից զրկված ազատամարտիկն ինչ պայմաններում է ապրում: Ինքը եւս չի կարող աշխատել, քանի որ խնամում է ամուսնուն, որը, բացի ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությունից, տառապում է նաեւ սրտային հիվանդությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս