Դատական դեպարտամենտը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել.
«2015 թվականի հունվարի 12-ին, Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել: Արդարադատության խորհուրդը, 2015 թվականի հունվարի 12-ի թիվ ԱԽ-1-Ո-3/2015 որոշմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Գևորգի Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով»: