Հուլիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության ՔՀԳ և Լոռու մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կազմակերպված դարանակալումների շնորհիվ հայտնաբերել, վնասազերծել և բերման են ենթարկել անցյալ տարի Արագածոտնի մարզում աղմկահարույց սպանություն կատարած` Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ, եղբայրներ ` 32-ամյա Դավիթ և 21-ամյա Գևորգ Անանյաններին:
Նրանք հանցավոր համաձայնության էին եկել մյուս եղբոր` Ռուստամի հետ, մանրամասն պլանավորել և 2011 թվականի ապրիլի լույս 27-ի գիշերը զինված գրոհել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկը: Գողացված 500լ դիզելային վառելիքն ու բենզինը բարձել էին “Ֆորդ Տրանզիտ” ավտոմեքենան և փորձել աննկատ հեռանալ: Բայց չէին կարողացել. բենզալցակայանի սեփականատերը` Վահե Միրզոյանը, տեսել էր նրանց և եղբոր` Գարիկի հետ իր անձնական “Միցուբիշի” ավտոմեքենայով հետապնդել: Պռոշյան գյուղի մոտակայքում Անանյան եղբայրները կրակել էին իրենց հետապնդող Միրզոյան եղբայրների ուղղությամբ: Արդյունքում Գարիկը մահացել էր, իսկ Վահեն վնասվածքներ ստացել: Անանյաններից Ռուստամը ձերբակալվել էր և այժմ իր պատիժն է կրում “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում, իսկ Դավիթն ու Գևորգը փախուստի մեջ էին: