ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՇԱՌՔԻ ԵՎ ԻՐ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, խոսելով իր ղեկավարած դատարանում գրանցված խոշոր կաշառակերության փորձի մասին, ասաց, թե իր մեղքի բաժինը չի տեսնում: «Դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն աշխատանքը, դատավորները դատարանի նախագահի աշխատողները չեն, նրանք ինքնուրույն են»,-վստահեցրեց դատարանի նախագահը:

Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ազգային անվտանգության ծառայությանը հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու եւ իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ի կողմից ձայնագրառվել էր Սեյրան Կարապետյանի եւ Խաչատուր Խաչատրյանի առանձնազրույցը, իսկ կաշառք տալու նմանակման արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել էր աշխատասենյակի պահարանի դարակի մեջ: Այդ պահին ԱԱԾ մտել էր դատավորի աշխատասենյակ, հայտնաբերել կաշառքը եւ կալանավորել դատավորին: Մինչ օրս դատավոր Խաչատուր Խաչատրյանը հրաժարվում է Սեյրան Կարապետյանի հետ առերեսմանը ցուցմունք տալուց:
Ստեղծված իրավիճակի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, որպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:
-Ճիշտ ասած՝ հարցազրույց տալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ իրավասություն, միայն կարող եմ ասել, որ խիստ բացասական եմ վերաբերում այդ երեւույթին: Մնացածը նախաքննությունը կպարզի: Թող նախաքննության արդյունքներով պարզ լինի, թե ինչ է կատարվել:
-Ձեր մեղքի բաժինը կատարվածում չե՞ք տեսնում: Եթե խիստ լինեիք, միգուցե դատավորները կաշառք վերցնելու ռիսկի չէին դիմի:
-Կարծում եմ, որ ուղղակի անելիք չեմ ունեցել այդ հարցում: Յուրաքանչյուր դատավոր ինքն է իր վարույթում քննվող գործերի պատասխանատուն: Դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն աշխատանքը, դատավորները դատարանի նախագահի աշխատողները չեն, նրանք ինքնուրույն են:
-Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերատիվ աշխատանք էր իրականացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ Ձեզ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ որեւէ միտում կա, որ հենց Ձեր դատարանում եղավ:
-Չեմ կարծում, որ միտում կա, տեղեկություն են ստացել եւ իրենց իրավասության շրջանակներում գործողություններ են կատարել:
-Օրինակ՝ 2013թ. իր տարեկան զեկույցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել էր դատավորների կողմից վերցվող կաշառքի սակագների չափը: Ըստ ՄԻՊ-ի՝ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով զեկույցը եւ, առհասարակ, մայրաքաղաքում քննվող գործերի քանակը՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն այդ հետախուզական աշխատանքները չի իրականացնում մայրաքաղաքում, այլ իրականացրեց մարզում:
-Չեմ կարող հարցին պատասխանել, միգուցե այդ դեպքը լիներ Երեւանում, հակառակը ասեին, թե ինչո՞ւ չեն իրականացնում մարզերում:
-Դատավորի ձերբակալումից անցել է 3 շաբաթ, եւ Խաչատուր Խաչատրյանը ցուցմունք չի տալիս: Ըստ Ձեզ՝ դատավորի այս մոտեցումը նորմա՞լ է, եւ, առհասարակ, փորձել եք հասկանալ, թե ինչո՞ւ է հրաժարվում ցուցմունք տալուց:
-Չեմ կարող դիրքորոշում հայտնել, դա իրենց պաշտպանական մարտավարությունն է:
Հավելենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (պաշտոնակատար անձի կողմից, կոնկրետ դատավորի կողմից, կաշառք ստանալը պատժվում է ազատազրկման 3-7 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 
Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՑՆԵԼ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը ասաց, որ եթե իմանար, թե ով է հունվարի 20-ին իր տան դարպասից նռնակ կախողը, ապա անձամբ կպատժեր նրան:

Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ երեկ՝ ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Տեղեկացնենք, որ նշված տունը պատկանում է «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Բագրատ Նավոյանը, նշված տանը արդեն 5 տարի է, ինչ չեն ապրում. «Ինձ այս սարքի կամ զենքի, նռնակի չգիտեմ, թե հիմա ինչ է, մասին տեղյակ է պահել պահակը: Թշնամիներ չունեմ, մնում է քննությունը պարզի, թե ինչ էր դա: Ախր այդ տանը մարդ էլ չկա, ու եթե նման բան են անում չբնակվող տանը, մի քիչ հեքիաթային է»:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր թշնամիները, միգուցե, այս կերպ փորձում են վախեցնել կամ ինչ-որ բա՞ն հասկացնել, Բագրատ Նավոյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ ուզում են մի բան ցույց տալ կամ մի բան ասել: Ինձ թվում է՝ հեքիաթային պահ կա, ինձ հետ նման բան չպետք է լիներ»:
Ըստ տուրիստական գործակալության տնօրենի՝ եթե որեւէ մեկին կասկածեր իր շուրջ կատարվող դեպքերի մասով, ապա անձամբ կպատժեր. «Եթե իմանամ, առաջինը կհայտնեմ կասկածներիս մասին, բայց չունեմ»:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի նոյեմբերին էլ անհայտ անձինք կրակել էին Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ էին հայտնաբերվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բագրատ Նավոյանը, անդրադառնալով այս դեպքին, ասաց, որ գործով զբաղվում են եւ իրեն հայտնել են, որ կատարվածը հանգիստ գործ չէ եւ միգուցե բացահայտվի:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ՀԵՐՈԻՆԸ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ՝ մոտ մեկ տոննա հերոինը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու գործով նիստի ժամանակ, ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չէ, հակասում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին:Դատական նիստն ընթանում էր թարգմանչի օգնությամբ:Ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը տարբեր չափով է ներկայացված. սկզբում՝ 927 կգ, ապա՝ 850 կգ: Բացի այդ՝ տարօրինակ է, որ թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեեւ իրանական մաքսակետը տեխնիկապես ավելի հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը: «Ես կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս»,- դատարանում հայտարարեց պաշտպանը՝ ընդգծելով, որ 66-ամյա ամբաստանյալը շուրջ 20 տարի է Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ, որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ 2014թ., երբ խոսել է քննիչ Թեւոսյանի հետ, վերջինս ասել է, որ իր դեմ որեւէ ապացույց չկա, եւ փորձագետի եզրակացությունից հետո նրան ազատ կարձակեն: Սակայն ավելի ուշ երկրորդ մեղադրանքն է ներկայացվել: Նա մեղադրվում է այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել եւ բեռնատարի մեջ պատրաստված, հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Գործով մյուս մեղադրյալ Օսման Ուղուրլուն մեղադրվում է, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ ԻԻՀ-ից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա, այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ՝ 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց՝ թմրանյութը տեղափոխելու համար…
Լսելով կողմերին, վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը վճռեց. Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատազրկել 17 տարի ժամկետով, իսկ Օսման Ուղուրլուին՝ 19 տարի ժամկետով:
Դատական նիստին այդպես էլ չբացահայտվեց փաստը, թե ինչո՞ւ սկզբում 927 կգ եղած հերոինը վերջում դարձավ 850 կգ, որտե՞ղ անհետացավ 77 կգ հերոինը:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան




Լրահոս