Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը: Կողմերը քննարկեցին տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայքով լարվածության աճը: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծեց տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը:
Դեսպան Սարգսյանի խոսքերով` այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը: Հանդիպմանը կարևորվեց ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնարկությունների և ներդնողների հետ։ Կոնգրեսականը նշեց Արմթեքի անցկացման կարևորությունը` հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջև տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր` իբրև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից։
Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին: Դեսպան Սարգսյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները` կարևորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:
ՀՀ ԱԳՆ